Կղզիներում ապաստանելու և կյանքը վերստին սկսելու պատմությունները հայկական սփյուռքի ամենաքիչ ուսումնասիրված դրվագներից են։ Ծովերից վեր խոյացող այս փոքրիկ հողակտորները գաղթի ճանապարհին ծառայել են երբեմն որպես կարճատև ապաստաններ, երբեմն էլ՝ նոր կյանք սկսելու ապահով հանգրվաններ։
Ուշագրավ, բայց մոռացված հայկական պատմություն ունեցող նման մի կղզի էլ Հունաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող ու զբոսաշրջիկների շրջանում ավելի շատ «Կորֆու» իտալերեն անվանումով հայտնի Կերկիրա կղզին է։ Այս կղզին առանձնահատուկ է ոչ միայն իր բնությամբ ու ծովի լազուրը շարունակող եվրոպական ճարտարապետությամբ, այլ նաև իր ուրույն աշխարհագրական դիրքով։
Կերկիրան օսմանյան տիրապետության տակ գրեթե չի եղել։ Փոխարենը մեծ մասամբ ղեկավարվել է նախ Վենետիկի Հանրապետության, ապա՝ Հունաստանի կողմից, որի արդյունքում օսմանյան քաղաքական կամ էթնիկ հետապնդումներից փախչող գաղթականների համար եղել է առաջին ու ամենամոտ ապահով ապաստանը։
Հայերն այստեղ բնակություն են հաստատել երկու տարբեր ժամանակաշրջաններում՝ կերտելով իրար զուգահեռ ու չհատվող երկու պատմություն, որոնք, սակայն, այժմ կիսում են մեկ մեծ ընդհանրություն. երկուսն էլ վերջնականապես պատմության գիրկն անցնելու ուղին են բռնել։
Հնամենի հետքեր
Կերկիրա կղզում հայերն առաջին անգամ հաստատվում են 16-րդ դարում և կղզու հյուսիս-արևմուտքում հիմնում Արմենադես (հայեր) գյուղը։ Մեկ դար անց տեղափոխվում են ավելի լավ կենսապայմաններ առաջարկող Ռախտադես գյուղ և այնտեղ զբաղվում ձիթենու մշակությամբ։
Այս շրջանի գաղթական հայերը որդեգրում են «Արմենիս» ազգանունը՝ որպես հայկականությունը պահպանելու, ազգային ժառանգությունը պատվելու և ձուլումը կանխելու միջոց։
Այս թեմայով լայնածավալ ուսումնասիրություններ անցկացրած հունահայ Ազնիւ (Ազնիվ) Երամեանը գրում է, որ Կերկիրայի հայերը վճռական էին տրամադրված՝ դիմադրելու ձուլմանը, և սկսում են հետևել մի սովորույթի, ըստ որի, եթե հայուհին ամուսնանում էր տեղացու կամ օտարերկրացու հետ, նրա զավակները «Արմենիս»-ը պետք է կրեին որպես երկրորդ ազգանուն։
Կերկիրայի պատմության մեջ երկու նշանավոր այրեր ունեցել են այդպիսի ազգանուն. Ռախտադեսում ծնված հայտնի գրող և փիլիսոփա Իոաննիս Վրայլաս Արմենիսը և նրա եղբայրը՝ Պետրոս Վրայլաս Արմենիսը, որը 19-րդ դարում եղել է Հունաստանի պատվավոր դեսպանը Փարիզում, Սանկտ Պետերբուրգում և Լոնդոնում, ինչպես նաև Կերկիրայի ներկայացուցիչը Հունաստանի խորհրդարանում: Այնուամենայնիվ, նրանց մասամբ հայ լինելու վերաբերյալ փաստացի այլ տեղեկություններ չկան։
Այս ընդհանրական պատմությունից և երկու հայտնի անձանցից անդին այս շրջանի հայերի մասին տեղեկություններ գրեթե չեն պահպանվել։ Ինչպես Ազնիւ Երամեանն է նշում իր աշխատանքում, այսօր Կերկիրայում «Արմենիս» ազգանունով ընտանիքներ դեռ շատ կան, որոնք ապրում են Ռախտադեսում, Արմենադեսում, այլ փոքր գյուղերում և կղզու համանուն Կերկիրա մայրաքաղաքում: Նրանց մի մասն ընդհանրապես չգիտի հայկական արմատներ ունենալու մասին։ Մյուս մասն էլ գիտի, սակայն աղոտ։ Փաստացի, հայկականության այս շերտը լիովին անհետացման եզրին է։
Թերևս այսօր Կերկիրայում հայերին ճանաչում են սուրճի բույրով ու պաղպաղակի համով։
Երկրորդ հոսքը
Հայոց ցեղասպանությունից հետո Կերկիրան կրկին ամենամոտ ու ապահով հանգրվանը դարձավ ջարդերից մազապուրծ հայերի համար։ 1922-23 թթ.-ին այստեղ ապաստան գտան շուրջ 3000 որբացած հայեր։
Հայ երեխաներին ապաստան տալու խնդիրը դրված էր նախկինում Կոստանդնուպոլսում գործող մի շարք որբանոցների, դրանց թվում՝ Lord Mayor’s Fund-ի, Faber Boys Home-ի և English Friendly Society-ի ուսերին։ Իսկ խոշոր կազմակերպությունները, ինչպիսիք էին՝ «Ամերիկյան Կարմիր խաչ»-ը և «Մերձավոր Արևելքի նպաստամատույց»-ը, աջակցում էին այս որբանոցներին։
Առաջին օրերին որբերի մեծաքանակ հոսքը քաոսի էր վերածել կղզին, և նրանց տանիքով էին ապահովում հնարավոր ամեն անկյունում՝ Կերկիրայի ամրոցից մինչև Ավստրիայի կայսրուհի Եղիսաբեթի (Սիսի) նախկին ամառանոց։
Այս շրջանի մասին տեղեկությունների մեծ մասը որբերից մեկի՝ Ազնիւ Երամեանի հոր անձնական արխիվից է։ 1912 թ.-ին Գրիգոր Երամեանն ու նրա եղբայրն այն 750 որբերի թվում էին, որոնց Կոստանդնուպոլսից Կերկիրա տեղափոխեցին Lord Mayor’s Fund-ի միջոցով: Նրա անձնական արխիվում պահվող փաստաթղթերն ու լուսանկարները մասնատված, բայց պատկերն ամբողջականացնելու համար կենսական տեղեկություններ են պարունակում՝ բացահայտելով կղզում հանգրվանած որբերի առօրյան։
Լուսանկարներից հասկանում ենք, որ որբերը կարճ ժամանակ անց ինտեգրվել են կղզու ակտիվ կյանքին. հայկական ֆուտբոլային «Արծիվ» ակումբն են հիմնել, հայկական ազգային տոներ նշել, ծովում լողալու ու էքսկուրսիաների գնացել։
Կրթությունն ու արվեստը նույնպես ծաղկում ապրեցին, թեկուզ և կարճատև։ 1923 թ.-ին ստեղծվեց «Հայ համայնքի կոմիտե»-ն՝ փախստականների սոցիալական և կրոնական կարիքները տեղական իշխանությունների հետ համակարգելու համար։ Կոմիտեն բացեց «Արարատ» դպրոցը և «Հայկական թատրոն»-ը, որը պարբերաբար ներկայացումներ էր բեմադրում որբերի մշակութային կյանքը հարստացնելու համար։
Այս երիտասարդ համայնքին կրթելու համար Կերկիրա եկածների թվում էին այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք էին՝ Կոստանդնուպոլսից հայտնի հայ գրող և մանկավարժ Թէոդիկը (Թէոդորոս Լապճինեան) և Ժորժ Կառվարենցը։ Վերջինս հետագայում դարձավ հայտնի կոմպոզիտոր և համագործակցեց Շառլ Ազնավուրի հետ։
Կարճ ժամանակահատվածում Lord Mayor’s Fund-ը նույնիսկ հրատարակեց շաբաթական երկու անգամ լույս տեսնող «Պրիսմակ» հանդեսը, որը խմբագրում էր ֆրանսահայ բանաստեղծ Գեղամ Աթմաճեանը (Աթմաջյան)։ Տարիներ անց Փարիզում Աթմաճեանը հեղափոխական Միսաք Մանուշեանի հետ հիմնադրեց «Ջանք» երիտասարդական գրական հանդեսը՝ ֆրանսահայ գրողների նոր սերնդի ձայնը լսելի դարձնելու նպատակով։
Առաջընթացի նշույլներ
Շուտով որբանոցներում սկսեցին սովորեցնել մի շարք արհեստներ։ Կոշկակարությունը, դերձակությունն ու ատաղձագործությունը, ի թիվս այլ արհեստների, հետագայում շատ որբերի կյանքի մասնագիտությունը դարձան։ Օրինակ՝ երիտասարդ Գրիգոր Երամեանը ստացել էր որբանոցի տնօրեն Լեսլի Դ. Օսբորնի կողմից ստորագրված վկայական, որը գովաբանում էր նրան որպես հմուտ ատաղձագործի. արհեստ, որը նա հետագայում վերածեց կահույքի հաջողված բիզնեսի։
Արտաքին աջակիցներ նույնպես կային, որոնք ձգտում էին տնտեսական հնարավորություններ ստեղծել հայ գաղթականների համար։ Ինչպես գրում է Ազնիւ Երամեանը, բրիտանական հյուպատոսի և Բեյրութի ամերիկյան համալսարանի շրջանավարտ, հայ դեղագործ Մարկոս Քէշիշեանի (Քեշիշյան) ջանքերով Մանտուկի շրջանում բացվեց գորգերի գործարան, որն աշխատանքի ընդունեց 300 հայ կանանց։ Վերջիններս, հայկական մանրանկարչությունից ոգեշնչված, նկարիչ Ենովք Տէր Յակոբեանի (Տեր-Հակոբյան) գլխավորությամբ գորգեր էին գործում, որոնք հետո արտահանվում էին Ամերիկա և Կանադա։
Այնուամենայնիվ, չնայած լիարժեք գործող համայնքի վերածվելու խոստումնալից նախապայմաններին, 1925 թ.-ին որբանոցները փակվեցին, իսկ մշակութային կառույցները լուծարվեցին։ Որբերի մի մասը որդեգրվեց կամ ընտանիք կազմեց կղզում և հիմնովին հաստատվեց այնտեղ, մյուսները լքեցին այս ժամանակավոր հանգրվանն ու սփռվեցին եվրոպական այլ երկրներում։
Հաջորդող տասնամյակներին կղզում մնացած փոքրաթիվ հայերը բիզնեսներ հիմնեցին և հիմնովին ինտեգրվեցին Կերկիրայի կյանքի հունին։ «Երակեաններն ու Պաղթանեանները (Բաղդանյան)վերսկսեցին կոշկագործությունը, Երամեան ընտանիքը զբաղվում էր կահույքագործությամբ, Մէսեանները՝ փուռ էին աշխատեցնում, Կիւլսիւզեանները (Գյուլսուզյան)՝ տեքստիլի արտադրությամբ զբաղվում և այլն: Հավանաբար, ամենանշանավորը Կարսեան եղբայրներն էին, որոնք Կերկիրա քաղաքում բացեցին մետաքսի գործարան, որն իր ծաղկման շրջանում աշխատանքի վերցրեց 150 մարդու և ապահովեց Հունաստանի «Օլիմպիական ավիաուղիներ»-ի ներքին կահավորանքը», - գրում է Կերկիրայում ծնված լրագրող Ալեքս Սակալիսը:
Հակառակ բոլոր ջանքերին՝ 1950- ականների վերջին Կերկիրայի հայ համայնքն անկում ապրեց՝ կղզու հայկական ժառանգությունը թողնելով ընդամենը մի քանի հայ ընտանիքի ձեռքում, որոնց ջանասիրությունն ու նվիրվածությունը կղզու մարող հայկական հետքերը հասցրին մեր օրեր։
Կերկիրայի հայկական համն ու հոտն այսօր
Թերևս այսօր Կերկիրայում հայերին ճանաչում են սուրճի բույրով ու պաղպաղակի համով։ Արշակ Մարկոսեանի և նրա տիկնոջ՝ Զարուհի Մարկոսեանի կողմից 1908 թ.-ին հիմնադրված «Մարկոսեան սուրճեր» (Καφεδες Μ. Μαρκοσιαν) խանութ-սրճարանն այսօր էլ գործում է Կերկիրա քաղաքում։
1863 թ.-ին Կամախ քաղաքում ծնված Մարկոսեանը փոքր տարիքից տիրապետում էր սուրճի բիզնեսին ու նրբություններին՝ հատիկներ ներմուծելուց մինչև ճիշտ բովելու մեթոդները: Երբ օսմանյան հալածանքներից փրկվելու համար նա ապաստան գտավ Կերկիրա քաղաքում, տեղացիներին սուրճի մշակույթը դեռ անծանոթ էր։ Մարկոսեանն, ընտանեկան բիզնեսի գաղտնիքներին տիրապետելով, սրճարան բացեց Կերկիրայում և նոր համ ու հոտ ներմուծեց կղզի։
1875 թ.-ին Երզնկայում ծնված սուրճի մեկ այլ սիրահար՝ Պօղոս Ծարուկեանը (Ծառուկյան), շուտով դառնում է Մարկոսեանի գործընկերը։ Նա տիկնոջ՝ Վարդուհի Ծարուկեանի հետ նավով ճանապարհորդելիս չնախատեսված իջևանում է կղզում և, Մարկոսեաններին հանդիպելով, որոշում է մնալ այնտեղ։
Օսմանյան վայրագությունների ամենաթեժ ժամանակաշրջանում՝ 1918 թ.-ին, Ծարուկեանը մեկնում է Կոստանդնուպոլիս՝ ընտանիքի կարգավիճակը տեսնելու համար և հանդիպում է իր զարմիկին՝ նույն ինքը Սողոմոն Թեհլիրյանին։ Վերջինս Ծարուկեանին համոզում է միանալ իրեն՝ Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից վրեժխինդիր լինելու գործում, սակայն Ծարուկեանը որոշում է վերադառնալ նորաստեղծ ընտանիքի մոտ և շարունակել բիզնեսը։
Մարկոսեան-Ծարուկեան գործընկերությունը շարունակվեց մինչև 1923 թ.-ը։ Այդ տարի՝ Իտալիայի և Հունաստանի միջև կարճատև հակամարտության ժամանակ, սրճարանը հողին հավասարեցվեց։ Դրանից հետո ընտանիքները երկու առանձին սրճարան հիմնեցին կղզում և առանձին գործունեություն ծավալեցին։
1920 թ.-ին Կերկիրայում մեկ այլ սրճարան բացվեց՝ «Անդրանիկ»-ը։ Այն հիմնադրեցին Անդրանիկ Կապիկեանն ու նրա տիկինը՝ Զուարթ (Զվարթ) Կապիկեանը (օրիորդական ազգանունը՝ Գարակէօզեան (Կարագյոզյան))։
Մինչև Lord Mayor’s Fund-ով Կերկիրա հասնելը, Անդրանիկը բազում զրկանքներ էր կրել։ Ծնվել էր 1900 թ.-ին Սեբաստիայում՝ հայ մեծահարուստների ընտանիքում, սակայն Ցեղասպանությունից հետո ողջ ընտանիքից փրկվել էր միայն ինքը։
Զուարթի պատմությունը պակաս տառապալից չէր։ Նա ծնվել էր Ադանայում ու, թուրքերի հարձակումներից խուսափելու համար, մայրը նրան տեղավորել էր Ադանայի անգլիական որբանոցում։ Վերջինս ամեն օր այցելում էր Զուարթին՝ տեսնելու ու մազերը սանրել-հյուսելու համար, մինչև որ մի օր այլևս չհայտնվեց։ Զուարթը Կերկիրա է հասնում «Մերձավոր Արևելքի նպաստամատույց»-ի միջոցով։
Կերկիրայում նրանք հանդիպում են, ամուսնանում և հիմնում «Անդրանիկ» սրճարանը, որը մեկ այլ նորամուծություն է բերում կղզի՝ նրանց մանկության համը՝ տեղացիների սիրելի «Կայմակի» պաղպաղակը։ Կերկիրայի թանգարանի տվյալներով՝ նույնիսկ Մեծ Բրիտանիայի թագավոր Ջորջ VI-ն էր այցելել սրճարան։ Ինչ վերաբերում է տեղացիներին, այն բոլորին էր հայտնի, ու նույնիսկ ավտոբուսից իջնելիս ասում էին՝ «Անդրանիկի մոտ կանգնե՛ք»։
1950-60-ականները սրճարանի ոսկե ժամանակաշրջանն էր։ «Հայրս ապացուցեց, որ իր ժամանակի համար հմուտ և նորարարություններ սիրող գործարար էր», - Կերկիրայի թանգարանի հետ իր հարցազրույցում նշել է Անդրանիկի դուստրը՝ Զարմուհի Կապիկեան-Փիլիպոսեանը։ «1950-ականներին նա սրճարանը վերածեց մշակութային կենտրոնի, որտեղ ամեն երեկո ելույթ էր ունենում հինգ հոգուց բաղկացած նվագախումբը՝ դաշնամուրով, երկու կիթառով, սաքսոֆոնով ու հարվածային գործիքներով: Երբեմն նույնիսկ ելույթ էր ունենում [հույն հայտնի] երգահան Յորղոս Կացարոսը: Թե՛ հաճախորդները, թե՛ անցորդները մեծ հաճույքով էին վայելում այս երաժշտական երեկոները»:
Կերկիրայի ժամանցի սիրտը համարվող «Անդրանիկ» սրճարանը մինչև 1997 թ.-ը գործեց որպես ընտանեկան բիզնես, այնուհետև այն վաճառեցին իրենց գործընկերներին՝ Յաննիսին և Տակիսին։ Վերջիններս խոստացան պահպանել սրճարանի անունն ու «Կայմակի» պաղպաղակը պատրաստել ավանդական բաղադրատոմսով՝ կամրջելու հայկական վերջին հետքերը Կերկիրայի աշխույժ հասարակական կյանքին։ Այն մինչ օրս գործում է ու շարունակում մնալ տեղացիների սիրելին։
Այսօր կղզում միայն մի քանի ընտանիք է մնացել։ Նրանք ամեն տարի հավաքվում են՝ հիշատակելու Հայոց ցեղասպանությունը։ Վերջին խոշոր հավաքը եղել է 2015 թ.-ին՝ նվիրված Ցեղասպանության հարյուրամյակին, որին մասնակցեցին դեսպաններ և բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նման հավաքներից անդին ժամանակին ծաղկող այս համայնքի հետքերը, ցավոք, աստիճանաբար խամրում են ու անցնում պատմության գիրկը։