Հազարամյակների պատմություն ունեցող հայկական ինքնությունը ձևավորվել է հայոց պատմության, լեզվի ու կրոնի հիման վրա, ինչպես նաև տևական մարտահրավերների ու կրած հաղթանակների հանգամանքներում: Անժխտելի է, որ հայի ինքնությունը սերտորեն կապված է հողի ու Հայաստան աշխարհի հետ, որտեղ հնագույն եկեղեցիները, պատմական հուշարձաններն ու յուրօրինակ բնաշխարհը սնում են ազգային հպարտության զգացումը:
Թեև ինքնության որոշ շերտեր մնայուն են՝ մարդկանց ինքնաընկալումը պայմանավորված է նաև սոցիալ-քաղաքական դինամիկայով և պետության օրակարգով: Մասնավորապես, ներկայիս հայ երիտասարդները, ում հաճախ անվանում են «անկախության սերունդ», արտացոլում են խորհրդային տարիներին իրենց երիտասարդությունն ապրած ծնողների դաստիարակությունը: Միևնույն ժամանակ, լինելով անկախ Հայաստանի սերունդ, նրանք դրսևորում են հետխորհըրդային հասարակություններին բնորոշ գծեր. օրինակ՝ կրոնի, ազգային մշակույթի, սեփական պատմության հանդեպ արթնացող հետաքրքրությունը։ Նման ընկալումները 2018 թվականին ամրապնդվեցին նաև քաղաքացիական ինքնության դրսևորմամբ, երբ հեղափոխություն իրականացվեց Հայաստանում։
Չպետք է մոռանանք նաև, որ այս անկախության սերունդը ականատես է եղել նաև մի շարք հոգեմաշ ու խրթին իրողությունների, որոնք անկասկած իրենց դերն են ունեցել որպես ազգի ներկայացուցիչ ու քաղաքացի նրանց ինքնաընկալման ձևավորման վրա։ Արցախյան 44-օրյա պատերազմն ու Արցախի հայաթափումը երիտասարդների վրա թողեցին անջնջելի հետևանքներ՝ խաթարելով քաղաքացիների հոգեկան անդորրը։
Հայաստանի համար այս վճռորոշ պահին, երբ այն ևս մեկ անգամ ստանձնել է աշխարհաքաղաքական խաղերի թատերաբեմ լինելու դերը, ավելի քան կարեվոր է հասկանալ ազգային ինքնության և այն սահմանող արժեքների վերաբերյալ երիտասարդության ընկալումները։ Այդ նպատակով, ՀԲԸՄ-ն, անկախ հետազոտական խմբի օգնությամբ, 2024 թվականի մարտին անցկացրեց մի շարք ֆոկուս խմբային քննարկումներ 18-29 տարեկան 60 երիտասարդների շրջանում՝ փորձելով տեսնել Հայաստանի ապագան երիտասարդ քաղաքացիների աչքերով:
Համեմատել ենք նաև 2016 և 2022 թվականներին «Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ»-ի և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) սոցիոլոգիայի ֆակուլտետի կողմից իրականացված հետազոտությունները, որպեսզի հասկանանք, թե ինչպես է Արցախյան պատերազմն ազդել երիտասարդների ընկալումների վրա:
Նորմեր և արժեքներ
2016 թվականին 1,200 հայ երիտասարդների շրջանում անցկացված ուսումնասիրության արդյունքներով հայ երիտասարդների ազգային ինքնաընկալման հիմքում ընկած էր նրանց էթնիկ պատկանելությունն ու քրիստոնեական հավատը, իսկ հային հատուկ արժեհամակարգում լայնորեն տեղ էին գտել պատ-վախնդրությունը, ազնվությունը, հավատարմությունը և հայրենասիրությունը:
Երբ հայացք ենք գցում 2022 թվականի նույն ուսումնասիրության արդյունքներին, հասկանում ենք, որ հայի արժեհամակարգի շուրջ մոտեցումներն անփոփոխ են մնացել, սակայն փոխվել են ինքնության ընկալումները։ Մինչ երիտասարդները շարունակում են ասոցացնել իրենց էթնիկ պատկանելության և հավատի հետ, Հայաստանի քաղաքացի լինելու հանգամանքը ինքնության առաջնային սահմանումն է դարձել շատերի համար։ 2022-ին կատարած քանակական ուսումնասիրության ընթացքում հարցվողները սերտորեն ասոցացնում էին իրենց Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հետ: Սա վառ արտացոլվեց նաև 2024-ի ֆոկուս խմբերում:
«Այսօր առաջինը, որ մեզ հայ է պահում, մեր պետությունն է, իմ կարծիքով։ Քրիստոնեություն, լեզու և այլն. սրանք համեմունքներ են, բայց պետականությունն առաջնային է»,- նշում է հարցման մասնակից աղջիկներից մեկը Երևանից։ «Շատ հին ազգեր այսօր չունեն իրենց հայրենիքը, առավել ևս՝ պետականություն»:

Այսօրվա երիտասարդությունն, ընդհանուր առմամբ, հային ընկալում է որպես հյուրընկալ, աշխատասեր, ստեղծագործ, հնարամիտ, եռանդուն և խելացի: «Մեր լեգենդար հերոս Նժդեհն ասել է, որ աշխարհում երկու բան կա, որ չի հոգնում՝ ժամանակն ու հայը։ Մեկը կործանում է, մյուսը՝ կառուցում... Մենք չհանձնվող ժողովուրդ ենք, նորից կառուցում ենք, նոր բան ենք ստեղծում, մտածում ու հորինում»,- ասում է Երևանից մի երիտասարդ։
Ըստ հարցման մասնակիցների՝ հային սահմանող որոշիչ արժեքներ են նաև անձնական արժանապատվությունը, հայրենասիրությունը, մարտական ոգին, քաջությունը, սերը ընտանիքի և ընկերների հանդեպ, ինչպես նաև արմատներին կառչած լինելը։ Թեև յուրաքանչյուր խումբ շեշտում էր առաջին երկու արժեքները, մարտական ոգին հիմնականում նշում էին սահմանամերձ մարզերի բնակավայրերում՝ Գորիսում, Սևքարում և Ներքին Գետաշենում ապրողները: Տավուշի և Սյունիքի երիտասարդները հպարտանում են հայկական տոկունությամբ: «Շատ քչերը կասեն, որ ուզում են լքել երկիրը, քանի որ իրականում մենք մեր սարերի պես ամուր ենք։ Դա մեր բնավորության մի մասն է»,- նշել է մի աղջիկ Գորիսից:
Ի լրումն, իգական սեռի երիտասարդ ներկայացուցիչները հաճախ ընդգծում են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են՝ կարեկցանքը և ուրիշներին օգնելու պատրաստակամությունը՝ որպես մարդասիրական արժեքների դրսևորումներ:
Ընտանիքը մնում է մնայուն և առաջնահերթ արժեք. բառն ինքնին հաճախ օգտագործվում է մտերիմ ընկերներին բնութագրելու համար: Նրանց խոսքերով, հայ ընտանիքը հաստատուն խարիսխ է և ներշնչում է ապահովության ու պատկանելության զգացում։ Վանաձորից մի երիտասարդ նշեց. «Հայերի համար դա ուրիշ է. եթե ամուսնանում ես, ամբողջ կյանքում պարտավորվում ես այդ մարդու մասին հոգ տանել, սիրել, միշտ լինել նրա կողքին և նույնիսկ կյանքդ տալ նրա համար: Իսկ ամուսնալուծությունը չափազանց ծանր են տանում»։
Շատ քչերը կասեն, որ ուզում են լքել երկիրը, քանի որ իրականում մենք մեր սարերի պես ամուր ենք։ Դա մեր բնավորության մի մասն է։
Ըստ մասնակիցների, ի տարբերություն այլ երկրների, որտեղ գերակշռում է ինդիվիդուալիզմը, հայերին հոգեհարազատ է ավանդական մեծ ընտանիքի մոդելը, որտեղ տատիկներն ու պապիկները ընտանիքի անբաժանելի մասն են: «Եթե համեմատենք այլ երկրների հետ, այնտեղ կան բազմաթիվ ծերանոցներ և մեծահասակների դայակներ, որոնք այստեղ տարածված չեն։ Տատիկներն ու պապիկներն ընտանիքի անդամ են»,- նշում է երիտասարդ մի աղջիկ Գորիսից:
Պատերազմ և հայրենասիրություն
Այս բոլոր արժանիքների մեջ հայրենասիրությունը հայի համար առաջնային տեղ է զբաղեցնում։ Այն քաղաքացիների մեջ արմատավորվում է դեռ վաղ տարիքից՝ դպրոցական ծրագրից սկսած։
Ընդհանուր առմամբ, հայրենասիրության դրսևորումները տարբեր են՝ պայմանավորված պետության սոցիալ-քաղաքական համատեքստով: Թեև Արևմուտքի լիբերալ հասարակությունների համար հայրենասիրության դրսևորման հիմքում հաճախ ընկած են լինում մարդու իրավունքները, քաղաքացիական ակտիվությունն ու հանդուրժողականությունը, Հայաստանում այն հիմնականում կապված է երկրի ու հողի հանդեպ սիրո ու նվիրվածության հետ:
Ինչպես նշում է ԵՊՀ սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ ս.գ.թ. Հարություն Վերմիշյանը, մինչ պատերազմը հայրենասիրությունը հաճախ սահմանվում էր «Հայաստանը լքելու չլքելու» տեսանկյունից։ Հայրենասեր էր այն մարդը, ով անկախ դժվարությունից նախընտրում էր ապրել իր հողում և չարտագաղթել։ Պատերազմից հետո դա վերասահմանվեց «հողի համար կռվել-չկռվելու» համատեքստում։
Հողի հետ առանձնահատուկ կապի մասին են խոսում նաև իններորդ դասարանի աշակերտների շրջանում տարբեր ժամանակահատվածներում անցկացված հարցումները, որտեղ մեծամասնությունը հայրենասիրությունը համարում էր յուրաքանչյուր հայի ամենակարևոր հատկանիշը: Սակայն, եթե մինչ պատերազմը աշակերտներն այն հիմնականում սահմանում էին որպես հայրենիքի հանդեպ սեր, ապա հետպատերազմյան մտորումները ենթադրում են հայրենիքի համար կյանքը զոհաբերելու պատրաստակամություն:
Ինքնավերլուծություն
Քննարկումների ժամանակ մեծամասնությունը 2020 թվականի Արցախյան պատերազմում հայերի մասնակցությունը դիտարկում էր որպես հայրենասիրության դրսևորում։ Սակայն ոմանց մոտ նկատվում էր հայրենասիրության և հպարտության զգացումի ընդհանուր անկում՝ հատկապես, երբ անդրադառնում էին տիրող անորոշ վիճակին:
«Մարդիկ հակված են միավորվելու դժվարին պահերին, ինչպես 2020 թվականին: Հիշում եմ, թե ինչպես բոլորը մի կողմ դրեցին իրենց անձնական մտահոգություններն ու կենտրոնացան հայրենիքի բարօրության վրա՝ առաջնորդվելով «մենք ու մեր հայրենիքը» կարգախոսով»,- ասաց Լոռիից մի երիտասարդ։ Երևանից մի տղա նշեց. «Ես հայրենասիրության մեծ զգացումով լցվեցի, երբ հոկտեմբերի 6-ին մեզ ուղարկեցին Ղարաբաղ: Չնայած նրան, որ մեզ տեղեկացրին, որ կարող էինք չվերադառնալ, և փրկվելու շանսերը քիչ էին՝ մեզնից ոչ ոք հետ չկանգնեց: Ես էդպես էի մտածում ու վստահ եմ՝ մեր ամբողջ վաշտն էր այդ զգացումով լցված՝ մոտ հազար զինվոր»:
Հայ երիտասարդները թե՛ պատերազմից առաջ և թե՛ դրանից հետո մեծ վստահություն են զգում զինվորի և բանակի հանդեպ։ Հատկանշական է, որ սոց. հարցումների ժամանակ բանակը միշտ նշվում է որպես համար առաջին վստահելի կառույցը Հայաստանում։ Սակայն նշում են, որ հիասթափության զգացում կա լրատվամիջոցների և իշխանության հանդեպ, որոնք կարծես մոլորության մեջ են պահել հանրությանը 44-օրյա պատերազմի ընթացքում՝ թյուր հավատ ներշընչելով, թե հաղթանակ ենք գրանցում։
Մեր լեգենդար հերոս Նժդեհն ասել է, որ աշխարհում երկու բան կա, որ չի հոգնում՝ ժամանակն ու հայը։ Մեկը կործանում է, մյուսը՝ կառուցում... Մենք չհանձնվող ժողովուրդ ենք, նորից կառուցում ենք, նոր բան ենք ստեղծում, մտածում ու հորինում։
Գեղարքունիքից մի երիտասարդ նշում է. «Մինչ պատերազմը, եթե փողոցում զինվոր էինք տեսնում ուղղակի բարևում ու անցնում էինք։ Իսկ հիմա մարդիկ մոտենում են, սնունդ են առաջարկում, զրուցում. զինվորներին այժմ ավելի ենք գնահատում»։
Երիտասարդ կանանց շրջանում արձագանքն այսպիսին է. «Անսահման հպարտություն և պատասխանատվություն ենք զգում, երբ լսում ենք մեր զոհված հերոսների անունները։ Չէ՞ որ նրանք իրենց կյանքը զոհաբերել են հենց մեզ համար»:
Ազգային հպարտության անկումն ավելի շատ պայմանավորված է պատերազմի վերջնարդյունքով՝ լցված անորոշության և հիասթափության զգացումներով: Նշում են, որ հաճախ դառը հույզեր են ունենում, երբ զբոսնում են իրենց քաղաքներով ու գյուղերով։ Ավելի են փայփայում այնտեղ ապրած յուրաքանչյուր պահը և յուրաքանչյուր մարդու հետ շփումը:
Ճակատագրի հեգնանք է, բայց այս հույզերի պատճառով Հայաստանի ապագան համարվող ներկայիս երիտասարդությունը ապագան իր ձեռքերում չի տեսնում: Նրանք խուսափում են երկարաժամկետ ծրագրեր կազմելուց և կենտրոնանում են այսօրվա օրով ապրելու վրա:
Այդուհանդերձ, այս փոփոխությունների արդյունքում նրանք սկսել են հայրենասիրությանը մոտենալ քննադատական մտածողությամբ և գտնում են, որ այն պետք է ի գործ դրվի և նպաստի երկրի զարգացմանը, այլ ոչ սահմանափակվի սին ու կույր հպարտության զգացումով։ Դրա արդյունքում կարծում են, որ պատերազմից հետո ավելի իրատես են սկսել դառնալ։
Մասնակիցներից մեկը նշեց. «Ես համաձայն չեմ այն կարծրատիպային մտքի հետ, թե իբր հայերը վեր են բոլոր ազգերից։ Բայց, եթե հայ ենք ծնվել ու այս շրջանի երիտասարդությունն ենք, պետք է ապրենք արժանապատիվ ու մեր երկրին արժանի լինենք»։
Հատկանշական է, որ սահմանամերձ համայնքների ներկայացուցիչներն ավելի լավատես են։ Սևքարից մի մասնակից նշել էր. «Մեր տոկունությունը կնշեմ որպես հպարտանալու արժանիք։ Այսքան ցավի պայմաններում մենք դեռ կարող ենք ժպտալ, նայել առաջ և փորձել զարգանալ: Միգուցե այլ ազգեր դա անելու ուժ չգտնեին, եթե ստիպված լինեին անցնել այն ամենի միջով, ինչի միջով մենք անցանք վերջին տասը տարիներին»:
«Ես հայրենասիրության մեծ զգացումով լցվեցի, երբ հոկտեմբերի 6-ին մեզ ուղարկեցին Ղարաբաղ: Չնայած նրան, որ մեզ տեղեկացրին, որ կարող էինք չվերադառնալ, և փրկվելու շանսերը քիչ էին՝ մեզնից ոչ ոք հետ չկանգնեց: Ես էդպես էի մտածում ու վստահ եմ՝ մեր ամբողջ վաշտն էր այդ զգացումով լցված՝ մոտ հազար զինվոր»:
Ինքնության բաղադրիչներ
Անկախ տիրող իրավիճակից, արմա-տավորված հայրենասիրության զգա-ցումը մեկ օրում կորցնել հնարավոր չէ։ Պատերազմի շուրջ իրենց մտորումներն ու հակասական զգացողություններն արտահայտելուց հետո հարցվող երիտասարդներն անդրադարձան իրենց ինքնության մնայուն ու իրենց էությունից անքակտելի բաղադրիչներին։
Պատմություն և բնաշխարհ
Հայ երիտասարդները հպարտանում են հայոց պատմությամբ և հարուստ ու կուսական բնապատկերներով։ «Երբ խոսում ենք օտարների հետ, նախ ներկայացնում ենք, թե ինչ հին ազգ ենք. նրանց ասում ենք, որ Երևանը 2800 տարեկան է։ Մենք խոսում ենք Ծովից ծով Հայաստանի ու քրիստոնեության մասին, ինչպես նաև մեր մշակույթի և ճարտարապետության մասին, որոնք հայերը զարգացրել են հնագույն ժամանակներից»,- նշել է մի երիտասարդ Երևանից:
Մասնավորապես, Երևանում բնակվող արական սեռի ներկայացուցիչները կարևորում են Տիգրան Մեծի դարաշրջանը, ֆիդայական շարժումը, Սարդարապատի ճակատամարտը և հայոց գրերի ստեղծումը։ Իսկ մարզերի երիտասարդները նշում են այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են՝ Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը, Հայաստանի ներգրավվածությունը Երկրորդ համաշխարհային պատերազմում և Հայաստանի արդյունաբերական նշանակությունը խորհրդային տարիներին, հատկապես՝ Վանաձորի՝ արդյունաբերական կենտրոն լինելը:
Հարցին, թե ինչ տեսարժան վայրեր խորհուրդ կտային օտարերկրացիներին և զբոսաշրջիկներին այցելել, մասնակիցներն ամենահաճախը նշում էին Գառնիի հեթանոսական տաճարը և Տաթևի ճոպանուղին, որը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենաերկարն աշխարհում։ Այլ նշված վայրերից են Գեղարդը և Նորավանքը, Խնձորեսկը՝ իր ճոճվող կամրջով և քարանձավներով, Խուստուփ և Արմաղան լեռները, Կոթավանք վանական համալիրը, Ծակքար լիճը, Մեղրիի ջրվեժները, Սյունիքի քարանձավները, Մեծավանի ջրամբարը, Հնեվանքը և այլն։
Երևանի տեսարժան վայրերից նշվեցին Կասկադ համալիրը, Մատենադարանը, Կոնդը, Ծիծեռնակաբերդը, Էրեբունի թանգարանը, Հայաստանի պատմության թանգարանը, Հյուսիսային պողոտան և Հաղթանակի կամուրջը:
Բացի այդ՝ երիտասարդների համար հպարտության աղբյուր են նաև Հայաստանի բնական գեղեցկությունն ու քաղցրահամ ջրերի առատ պաշարները։ Նշեցին, որ քննարկումներ են գնում հայկական ջուրը բրենդավորելու վերաբերյալ, սակայն գերակշռող կարծիքն այն է, որ ջուրը չափազանց արժեքավոր ռեսուրս է և չարժե արտահանել:
Մշակույթ և կրոն
Հետխորհրդային հասարակություններում կրոնի և ազգային մշակույթի հանդեպ հետաքրքրության վերածնունդը հատկա-նշական երևույթ է, որը պայմանավորված է արմատներին հնարավորինս մոտենալու ձգտումով: Հայ երիտասարդներն այս միտման վառ օրինակն են:
Թեև շատերը հայ քրիստոնեությունը համարում են միավորող ուժ, ընդունում են նաև, որ վերադարձը կրոնական սովորույթներին դեռ սկզբնական փուլում է: «Սովետից հետո մենք նոր ենք սկսում վերադառնալ մեր կրոնին»,- նկատեց մի երիտասարդ աղջիկ Սևքարից: Իսկ Վանաձորից մի երիտասարդ էլ քննադատորեն նշեց. «Մեր քրիստոնյա լինելը սահմանափակվում է խաչ կրելով ու եկեղեցիներ կառուցելով»: Նման արձագանքները ցույց են տալիս, որ երիտասարդները պատրաստ են ավելի խորը և իմաստավորված մոտենալ քրիստոնեական հավատին։
Անկախության սկզբնական տարիներին հնացած համարվող հայկական տարազը վերջին տարիներին նորովի է գնահատվում: Նույնը կարելի է ասել նաև հայկական պարերի մասին։

«Ես համացանցում նկատել եմ, որ հարսանիքների ժամանակ հարսնացուները սկսել են ավելի հաճախ կրել հայկական տարազ կամ իրենց հագուստի մեջ ընդ-գծել հայկական ավանդական դետալներ: Դա Հայաստանի խորհրդանիշն է, որը պետք է պահպանվի»,- նշեց մի երիտասարդ աղջիկ Երևանից:
«Ժամանակի ընթացքում մշակութային արժեքների նշանակությունը մեծացել է: Օրինակ՝ հինգ տարի առաջ մեր ազգային պարերը շատերին անծանոթ էին։ Միայն քոչարին էր որոշ չափով հայտնի: Սակայն լուսահոգի Գագիկ Գինոսյանի նման անհատների նվիրյալ ջանքերի շնորհիվ մեր ազգային պարերն այժմ նույնիսկ դպրոցական ծրագրի մաս են կազմում»,- նկատում է գորիսեցի մի աղջիկ: «Նախկինում մեզ մոտ չլսված բան էր, որ երիտասարդ տղաները հանրային վայրերում աղջիկների հետ կողք-կողքի ազգային պարեր պարեին։ Իսկ այժմ նրանք գալիս են ու մեզ հետ թամզարա ու այլ պարեր պարում»,- նշեց Սևքարից մի աղջիկ:
Ազգային տոները, այդ թվում՝ Վարդավառը, Զատիկը, Տյառնընդառաջը, նշվում են մեծ խանդավառությամբ։
Ես համաձայն չեմ այն կարծրատիպային մտքի հետ, թե իբր հայերը վեր են բոլոր ազգերից։ Բայց եթե հայ ենք ծնվել ու այս շրջանի երիտասարդությունն ենք, պետք է ապրենք արժանապատիվ ու մեր երկրին արժանի լինենք։
Երաժշտություն
Երաժշտական և պարային քննարկումները հաճախ պտտվում են այնպիսի վաստակաշատ գործիչների շուրջ, ինչպիսիք են՝ Կոմիտասը, Արամ Խաչատրյանը, Շառլ Ազնավուրը, Առնո Բաբաջանյանը և Սայաթ-Նովան: Հայկական ավանդական երաժշտության ժամանակակից մեկնաբանությունները և նոր ժանրերը, ինչպիսիք են՝ հայկական ռոքն ու ջազը, բավականին մեծ համբավ են վայելում երիտասարդության շրջանում:
Հատկանշական է, որ Վանաձորի երիտասարդները հպարտանում են տեղի ռոք խմբերով, ինչպիսիք են՝ Clocker-ը, «Որդան կարմիր»-ը և «Լավ էլի»-ն: Ինչպես նշել է Երևանից մի հարցվող, հայկական ջազը նույնպես առանձնահատուկ տեղ է զբաղեցնում երաժշտության ոլորտում. «Երբ ինչ-որ մեկը գալիս է Հայաստան և մտնում «Մալխաս» ջազ ակումբ, հետո սովորաբար դառնում է մշտական այցելու, քանի որ այնտեղ առաջարկվող յուրահատուկ ջազային ժամանցը դժվար է գտնել մեկ այլ վայրում»:

Խոհանոց
Հայերի հյուրասիրությունն ընդգծված հատկանիշ է, և նրանք հաճախ են իրենց հյուրերին, ընկերներին ու բարեկամներին զարմացնում համեղ ուտեստների բազմազան տեսականիով։ Ըստ այդմ, որպես ազգային կարևորություն ունեցող ուտեստներ՝ երիտասարդները նշում են տոլման, ղափաման և խորովածը, ինչպես նաև ժենգյալով հացը, հարիսան, քյալագոշը, խաշլաման ու գաթան:
Նրանք ընդգծում են հայկական բնաշխարհի ու բնամթերքների սերտ կապը՝ առանձնացնելով ծիրանի, նռան, չրերի յուրահատուկ քաղցրությունը, ինչպես նաև «Ջերմուկ» բնական հանքային ջրի յուրահատկությունը։ Ներքին Գետաշենի երիտասարդները հատկապես կարևորում են Սևանի իշխանը: Գորիսում երիտասարդ տեղացիները նշում են այնպիսի ուտեստներ, ինչպիսիք են՝ բազուկի թթուն (ճղթթու), լոբին ու տնական օղին, իսկ գյուղական համայնքների երիտասարդներն առանձնացրին նաև վարդի, ընկույզի և ծիրանի մուրաբաները, թթու լավաշն ու քաղցր սուջուխը: Լավաշի հանդեպ մոտեցումը միանշանակ էր. այն ազգային խորհրդանիշ է։

Սպորտ
Ըստ հարցվածների՝ Հայաստանն աշխարհին հայտնի է իր ծանրամարտիկներով, ըմբշամարտիկներով ու փայլուն շախմատիստներով։ Ոմանք պնդում են, որ դա պայմանավորված է նրանով, որ ֆուտբոլում կամ այլ թիմային մարզա-ձևերում ավելի քիչ հաջողություն ունենք։ Չնայած Հենրիխ Մխիթարյանին հաճախ են նշում որպես հպարտություն արթնացնող անուն՝ երիտասարդները նրա ձեռքբերումներն օբյեկտիվորեն վերագրում են նրա անհատական ջանքերին, այլ ոչ՝ ազգային հատկանիշներին:
Ինչ վերաբերում է շախմատին, ապա հիասթափություն կա Լևոն Արոնյանի՝ Հայաստանի դրոշի ներքո այլևս հանդես չգալու որոշման վերաբերյալ։ Երիտասարդները կարծում են, որ դա կարող է ազդել Հայաստանի միջազգային վարկանիշի վրա:
Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ մասնակիցները բարձր են գնահատում այն փաստը, որ Հայաստանի դպրոցներում դասավանդվում է շախմատ։ «Կարծում եմ, որ մեր երկրի առաջխաղացման հիմնական աղբյուրը պետք է լինի տեխնոլոգիական առաջընթացը, և դրան նպաստում է ռազմավարական մտածողությունը, որը դեռ դպրոցում ձևավորվում է շախմատի ուսուցման շնորհիվ»,- ասում է հարցվողներից մեկը:

Խոստումնալից արդյունաբերական ոլորտներ
Ապագայի մասին մտածելիս հայ երիտասարդների մտքում հայտնվում են հստակ ոլորտներ, որոնք կարող են խթանել Հայաստանի տնտեսական զարգացումն ու բարգավաճումը: Այս ոլորտները ներառում են գյուղատնտեսությունը, գինու, կոնյակի և տեխնոլոգիական արդյունաբերությունը, ինչպես նաև զբոսաշրջության մի քանի ձևեր:
Կարծիք կա, որ հայկական գինին կարող է մրցել անգամ ֆրանսիականի հետ, եթե համապատասխան բրենդավորվի: «Մեր առատ արևի շնորհիվ՝ մեր խաղողը բարձր որակի է, ինչը մեզ հնարավորություն է տալիս արտադրելու բացառիկ գինիներ»,- ասաց մի երիտասարդ:
Բոլորի համար Տավուշը, Սյունիքը և Լոռին համարվում են զբոսաշրջության զգալի ներուժ ունեցող մարզեր։ Զիփլայնների և ճոպանուղիների առկայությունը դիտվում է որպես էքստրեմալ զբոսա-շրջության մեջ արված ճիշտ ներդրում։ Տավուշցի երիտասարդներն առաջարկում են ճոպանուղի կառուցել Իջևանում, իսկ Գեղարքունիքի երիտասարդները նույնն առաջարկում են անել Արմաղանից մինչև Սևանա լիճ: «Արմաղան լեռը կարող է հիանալի վայր դառնալ դահուկասպորտի համար: Քանի որ այն ընկած է հյուսիսային կողմում, ձյունն ուշ է հալվում, մինչև գարուն գագաթը սպիտակ է, ինչը այս առումով առավելություն է»,- ասում է մի մասնակից։
Երբ խոսում ենք օտարների հետ, նախ ներկայացնում ենք, թե ինչ հին ազգ ենք. նրանց ասում ենք, որ Երևանը 2800 տարեկան է։ Մենք խոսում ենք Ծովից ծով Հայաստանի և քրիստոնեության մասին, ինչպես նաև մեր մշակույթի և ճարտարապետության մասին, որոնք հայերը զարգացրել են հնագույն ժամանակներից։
Սյունիքի երիտասարդներն ընդգծում են, որ արժե ներդրումներ անել գորգագործության ու խեցեգործության ոլորտներում՝ որպես օրինակ մատնանշելով տեղի ձեռնարկությունները։ Նաև կարծում են, որ խոստումնալից ոլորտ է հայկական կտորի ու հագուստի արտադրությունը, որի հաջող օրինակն է «Զանգեզուր տեքստիլ» ընկերությունը: Նույն կերպ, Տավուշի երիտասարդներն ընդգծում են գորգերի արտադրության նշանակությունը՝ որպես իրենց տարածաշրջանի ավանդական արհեստ՝ հղում անելով այժմ չգործող Իջևանի գորգերի գործարանին: Շատերը կարևորում են մեղվաբուծությունը, կաթնամթերքի, հատապտուղների ու խոտաբույսերի մշակումը։ Սրանք գյուղատնտեսության ոլորտներ են, որ հպարտանալու առիթ են երիտասարդների համար։
Երիտասարդությունը նշում է նաև գիտությունն ու տեխնոլոգիան որպես առանցքային ոլորտներ։ Քննարկումների ընթացքում նշվեցին բնական գիտությունների, մասնավորապես՝ մաթեմատիկայի, ֆիզիկայի և աստղագիտության ոլորտներում Հայաստանի առաջատար փորձագետների անուններ: Սակայն ընդգծվեց նաև, որ այդ մասնագետների հանդեպ ուշադրության պակաս կա, և նրանք համեմատաբար ցածր պահանջարկ ունեն հայաստանյան աշխատաշուկայում։ «Հայաստանը հաղթում է մաթեմատիկայի, աստղագիտության և ֆիզիկայի միջազգային օլիմպիադաներում։ Բայց հետո, ցավոք սրտի, այս ոլորտներում տաղանդավոր անհատները հաճախ ստիպված են լինում գնալ այլ երկրներ»,- նշեց մի աղջիկ Գորիսից: Երևանից մեկ այլ աղջիկ առաջարկեց. «Մենք մեր բժիշկներին էլ կարող ենք դարձնել հայտնի «բրենդ», ինչպես դա Գերմանիան է անում»:
Եզրափակիչ մտորումներ
Հաշվի առնելով, որ ապագան հենց երիտասարդների ձեռքում է՝ նրանց ընկալումներն ու մտորումները ճանաչելն առանցքային է։ Իրենց արմատացած հայկական ինքնությամբ և մշակութային ժառանգության համակողմանի ըմբռնմամբ՝ հայ երիտասարդներն ակտիվ դեր են խաղում իրենց համայնքի ներսում կայունության ու միասնության ամրապնդմանն ուղղված ռազմավարական նախաձեռնություններում: Հատկապես, երբ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայրենասիրությունը օգնում է ամրապանդել ազգային պատկանելությունն ու հավատարմությունը: Երբ երիտասարդները հպարտանում են իրենց ազգով և ակտիվ քաղաքացիական ներգրավվածություն են ցուցաբերում, նրանք դառնում են երկրի առաջընթացի և բարգավաճման շահագրգիռ կողմ: Սեփականատիրության այս զգացումը վերածվում է ավելի ամուր սոցիալական հյուսվածքի և օգնում դիմակայել արտաքին սպառնալիքներին: Այս ամենը միայն բավական է հասկանալու համար, թե ինչու է երիտասարդության շրջանում օբյեկտիվ հայրենիասիրության ու ազգային հպարտության խթանումը միշտ արդիական, հատկապես Հայաստանում և հատկապես այսօր։