Նախագահ Սեմ Սիմոնյանի ուղերձը ՀԲԸՄ 93-րդ Ընդհանուր ժողովին
Վեհափառ Տեր,
ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամներ,
Հոգաբարձուների խորհրդի անդամներ,
Հարգարժան հյուրեր,
Այսօր այստեղ ներկա և առհասարակ աշխարհի չորս կողմերում գտնվող ՀԲԸՄ անդամներ և բարեկամներ,
Շնորհակալություն:
Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել ՀԲԸՄ-ի բազմաթիվ ականավոր ղեկավարների ավանդը: Նրանց նվիրվածությունը, հեռատեսությունն ու տքնաջան աշխատանքն ապագան կերտելու ամուր հիմքեր են ստեղծել մեզ համար: Ուստի, մեծ պատասխանատվությամբ և հպարտությամբ եմ ընդունում նրանց փոխանցած ջահը:
Իմ անկեղծ շնորհակալությունն եմ ցանկանում հայտնել Պերճ Սեդրակյանին՝ 22 տարի ՀԲԸՄ նախագահի պաշտոնում իր առաջնորդության համար: Նրա տեսլականն ու անմնացորդ նվիրվածությունը ամուր հիմքերի վրա են դրել մեր կազմակերպությունը՝ ճանապարհ հարթելով շարունակական աճի և հաջողության համար:
Եվ գիտեմ, որ բոլորիս անունից եմ խոսում, երբ հայտնում եմ մեր խորին երախտագիտությունը նրա տիկնոջը՝ Վերային: Նրա հաստատուն աջակցությունն ու թևակցությունն անգնահատելի են եղել ինչպես Պերճի, այնպես էլ ՀԲԸՄ-ի համար:
1960-ականներին, չնայած զգալի աղքատությանն ու մարտահրավերներին, Լիբանանի հայ համայնքը համախմբվեց՝ կառուցելու դպրոցներ, որոնք կպահպանեին մեր լեզուն, մշակույթն ու ինքնությունը: Այդ դպրոցները ոչ միայն կրթություն էին ապահովում, այլ նաև հույսի ու միասնության զգացում առաջացնում՝ վստահ լինելու, որ նույնիսկ ամենադժվարին ժամանակներում մեր ժառանգությունը կծաղկի ու կփոխանցվի հաջորդ սերունդներին:
Ինձ բախտ է վիճակվել այդ վերածննդի շրջանի շահառուներից մեկը լինելու: Ես հաճախել եմ ՀԲԸՄ դպրոցներ, ֆուտբոլ խաղացել ՀԲԸՄ-ՀԵԸ Անդրանիկ սկաուտական բանակում, միջոցառումների մասնակցել Ալեք Մանուկյան ժամանակակից կենտրոնում, և նույնիսկ դռնեդուռ վաճառել եմ մեր տարեցույցը: Այս փորձառությունների շնորհիվ էր, որ սկսեցի սիրել ու նվիրվել այն իդեալներին ու արժեքներին, որոնք ավելի քան մեկ դար է ՀԲԸՄ-ի առաքելության հիմքում են ընկած:
Որպես ոչ քաղաքական կազմակերպություն՝ ՀԲԸՄ-ն բացառապես ջանում է աջակցել աշխարհասփյուռ հայ համայնքներին և նպաստել դրանց զարգացմանը: Մեզ մնում է միայն բարգավաճում ապահովել Հայաստանում և պահպանել մեր ինքնությունը սփյուռքում՝ առանց միանալու որևէ քաղաքական կուսակցության կամ օրակարգի:
Մենք հարգանքով ենք լցված մեր բոլոր հաստատությունների հանդեպ՝ պետական, կրոնական, մշակութային և կրթական: Եվ այս չեզոքությանը հավատարիմ մնալով՝ մենք կարող ենք գործել ի նպաստ ողջ հայության՝ միավորելով մեր համայնքը ընդհանուր արժեքների և նպատակների շուրջ։ Սա մեզ զերծ կպահի այն պառակտումներից, որոնք առաջանում են քաղաքական պատկանելիության հետևանքով։
Հարգելով մեր անցյալի ձեռքբերումներն ու առաջընթացը՝ կարևոր է նաև մեզ չսահմանափակել հնացած մեթոդներով: Սա համացանցի, տեխնոլոգիաների և արհեստական բանականության դարաշրջան է, և երիտասարդներին կրթելու և ներգրավելու մեր մոտեցումը պետք է զարգացնենք, որպեսզի հնարավորինս օգտվենք առաջընթացից:
Այսօր մեր առջև ծառացել են բազում մարտահրավերներ, որոնց լուծումը պահանջում է համատեղ ջանքեր: Դրանք հաղթահարելու համար մենք պետք է գնանք բարեկեցիկ և միասնական ապագա կերտելու համարձակ երազանքների հետևից։ Նման երազանքներին հասնելու համար մեր բոլոր կազմակերպությունները պետք է գործեն համախմբված ու ներդաշնակ՝ ռեսուրսներն ու փորձառությունները կիսելով, այլ ոչ միմյանց հետ մրցակցելով։
Համագործակցություն խթանելով մենք կարող ենք ուժեղացնել մեր աշխարհասփյուռ համայնքը, բազմապատկել մեր ազդեցությունը և աշխարհի ցանկացած կետում աջակցել հայությանը, որպեսզի մեր հայրենակիցներն ունենան երկարաժամկետ հաջողություն ու դիմակայունություն:
Եկող տարվա ընթացքում Սիլվայի ուղեկցությամբ պլանավորում եմ այցելել ՀԲԸՄ-ի մեր բոլոր մասնաճյուղերն ու այն համայնքները, որտեղ ՀԲԸՄ-ն իր գործունեությունն է ծավալում։ Մարտահրավերներով լի իմ ձգտումներն իրականացնելիս նրա անմնացորդ աջակցությունն ինձ համար ոչ միայն ոգեշնչող է, այլև կենսական: Միասին մենք նպատակ ունենք մեր առաջնորդների և համայնքների հետ ավելի ամուր կապեր ստեղծել:
Ես նաև ակնկալում եմ սերտորեն աշխատել մեր Կենտրոնական վարչության և Հոգաբարձուների խորհրդի հետ:
Կազմակերպության ութերորդ նախագահի պաշտոնը ստանձնելիս երախտիքս եմ հայտնում բոլորիդ՝ իմ հանդեպ ցուցաբերած սիրո և աջակցության համար։ Երանի ծնողներս հիմա այստեղ լինեին: Հորս մշտական լավատեսությունը, մորս անսպառ համբերությունն ու նրանց երկուսի՝ հայության ու ՀԲԸՄ-ի հանդեպ սերը կերտել են ինձ որպես մարդ հենց այնպիսին, ինչպիսին, որ կամ այսօր։
Այդ լավատեսության ոգով լցված՝ հանձն եմ առնում ՀԲԸՄ-ի առաքելությունը՝ նույն նպատակասլացությամբ ու հնարավորությունների հանդեպ հավատով, որով հասել եմ այս կետին։ Մեր միասնական առաջընթացի ճանապարհին դրանք ինձ ամեն օր կոգեշնչեն։