Հուլիս 11, 2023
A- A+
read

ՀԲԸՄ-ն պատմաբան և մանկավարժ, դոկտոր Ռիչարդ Գ․ Հովհաննիսյանի ծանրակշիռ ավանդի վերաբերյալ

  • Նկար
    Dr. Richard Hovannisian - Pioneering Armenian Studies
    Դր. Ռիչարդ Հովհաննիսյան. Հայագիտության ոլորտի հիմնարար գիտնական

Արդի հայ գիտական շրջանակներում շատ չեն այն անունները, որոնք ամենատարբեր ոլորտներում գործունեություն ծավալող հայերի մոտ նույնքան հեղինակություն, սեր և հարգանք են վայելում, որքան ամերիկահայ պրոֆեսոր Ռիչարդ Գասպարի Հովհաննիսյանը։ 2023 թվականի հուլիսի 10-ին 90-ամյա հասակում նրա վախճանով ավարտվեց հետցեղասպանական գիտական արգասավոր դարաշրջանը․ մի դարաշրջան, որի ընթացքում Հայոց ցեղասպանությունը վերապրածների զավակներն իրենց ուսերին վերցրին իրենց նախնիների պատմությունը աշխարհին պատմելու պարտականությունը և, իրենց մտավոր տաղանդը գործի դնելով և բազմապիսի գիտական հետազոտություններ ու փաստաթղթեր գիտական շրջանակներին հրամցնելով, հայոց պատմությունը վերածեցին ակադեմիական առարկայի։

Հետազոտությունների ստույգ և հավաստի արդյունքները համոզիչ մատուցելու շնորհիվ՝ ի վերջո, դրանք արժանացան գիտական հանրության, ինչպես նաև քաղաքական շրջանակների հարգանքին՝ ճանապարհ հարթելով ԱՄՆ-ի և այլ երկրների առաջատար համալսարանների հայագիտական ամբիոնների ու ֆակուլտետների գործունեության առաջընթացի համար։ Լինելով Լոս Անջելեսում Կալիֆոռնիայի համալսարանի Արդի հայոց պատմության ամբիոնի Հայ կրթական հիմնարկության առաջին վարիչը՝ Կալիֆոռնիայում ծնված Հովհաննիսյանը դարձավ հայագիտության ոլորտի գալիք սերունդների ռահվիրանը։

ՀԲԸՄ-ն այն բազմաթիվ հաստատություններից և կազմակերպություններից մեկն է, որ դր. Հովհաննիսյանին համարում է հայագիտության ասպարեզի ոգեշնչող ձայնը. քանզի նա օրինակ էր ծառայում գիտնականների նոր սերունդների համար, ովքեր իրենց արգասավոր գործունեության արդյունքում պիտի դառնային Հայոց պատմության իրական գիտակներ։ ՀԲԸՄ-ն դր. Հովհաննիսյանին հրավիրել է մասնակցելու հայ ժողովրդին վերաբերող տարբեր քննարկումներին կամ դասախոսություններին, իսկ մեր մասնաճյուղերը տեղական միջոցառումների ժամանակ հպարտորեն հյուրընկալել են նրան՝ որպես հրավիրյալ բանախոս։ Նա նաև մեծահոգաբար համաձայնել է նկարահանվել մեր մի շարք տեսանյութերում (տես՝ AGBU WebTalks series):

Հատկապես հետաքրքրական են Հայաստանի առաջին հանրապետության վերաբերյալ նրա գործերը։ Այս թեմայով քառահատոր աշխատության հեղինակ լինելով՝ նա կարողացել է երևան հանել դրա կարևորությունը կես դար անց հայկական անկախ պետություն ձևավորելու գործում։ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, անդրադառնալով նրա թողած ավանդին, ասաց․ «Իր բոլոր գրքերից, դասախոսություններից, մրցանակներից և նվաճումներից զատ՝ ականավոր դոկտոր Հովհաննիսյանը բացառիկ անկեղծությամբ օժտված անձնավորություն էր, ով իր գաղափարները առաջ էր մղում քաջասրտորեն, խորը համոզմունքով և ոգևորությամբ։ Դա հենց իր սահմանած նշաձողն է, քանզի հայոց պատմության նոր էջերը դեռ պետք է տարեգրվեն, վերլուծվեն և ներկայացվեն աշխարհին»։

 

ՀԲԸՄ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում Հովհաննիսյանների ընտանիքին։