Սեպտեմբեր 21, 2023
A- A+
read

Բաց նամակ եվրոպական պետությունների ղեկավարներին և խորհրդարանականներին

Արցախի դեմ ադրբեջանական հարձակումը․ ՀԲԸՄ-ն կոչ է անում եվրոպական հանրությանը կանխել հերթական Հայոց ցեղասպանությունը 

Պետությունների մեծարգո՛ ղեկավարներ,

Եվրոպական խորհրդարանի մեծարգո՛ անդամներ,

2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ երեքշաբթի օրը՝ կեսօրին, ադրբեջանական ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Արցախի սահմանի երկայնքով՝ ոտնահարելով միջազգային իրավունքի դրույթները։ Երեկվանից ի վեր քաղաքացիական բնակչությունը հայտնվել է ծանր հրետանու ուժգին կրակի տակ, որի հետևանքով հազարավոր մարդիկ ստիպված են եղել պատսպարվել նկուղներում կամ տարհանվել իրենց գյուղերից՝ արագ զարգացող ադրբեջանական ներխուժման պատճառով։ Թեև Ադրբեջանը հայտարարել է հայ քաղաքացիական բնակչության «տարհանման ապահով ճանապարհ» տրամադրելու մասին, ականատես աղբյուրները հայտնում են, որ նրանք, ովքեր փորձել են լքել տարածքը Լաչինի միջանցքով, հայտնվել են ադրբեջանական բանակի կրակի տակ։

Արցախի իշխանությունների  հայտարարության մեջ արդեն իսկ նշվում է 200 զոհի, 400 վիրավորի և 10 000 տեղահանվածների մասին, որոնց շարքերում մեծ թիվ են կազմում երեխաները։ Քաղաքացիական անձինք ներկայումս հավաքված են Ստեփանակերտի չգործող օդանավակայանի մերձակայքում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում։ 4-րդ դարի Ամարասի վանքը՝ հայկական պատմական ժառանգության կենտրոնը, ևս անցել է ադրբեջանցիների հսկողության տակ։

Այս շաբաթ, մինչ պետությունների ղեկավարները և միջազգային լրագրողները իրենց ուշադրությունը սևեռել էին Նյու Յորքում գումարված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վրա, Ադրբեջանը սկսեց այս ռազմական հարձակումը՝ բերելով կեղծ պատրվակ, թե իբր հայկական պաշտպանական ուժերը ականներ են տեղադրել, որոնց հետևանքով մի քանի ադրբեջանցի զինվորական է մահացել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ խնդիր էր դրվել սկսելու «հակաահաբեկչական» գործողություններ՝ առաջնագծում և խորքում կիրառելով «գերճշգրիտ զինատեսակներ»։ Այս քարոզչությունը հաճախ բառացի է ընկալվում միջազգային լրատվամիջոցների կողմից՝ խրախուսելով Ադրբեջանին լիակատար անպատժելիության պայմաններում շարունակել էթնիկ զտումները։

Երկար տարիներ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմը զբաղվել է ապատեղեկատվություն տարածելով, որը վերջինիս թույլ է տվել խախտել ՄԱԿ-ի օրենսդրությունն ու միջազգային կոնվենցիաները, որոնք նպատակ ունեն կանխելու ցեղասպան գործողությունները։ Ուստի, միջազգային հանրության մեղմ արձագանքը, երբեմն էլ այդ խախտումների համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արձագանքի բացակայությունը Ադրբեջանին ուղերձ է հղում առ այն, որ որևէ մեկը չի ստուգելու փաստերի իսկությունը, որևէ մեկը չի միջամտելու հայերին սպառնացող ցեղասպանությունը կանխելու համար։

2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի նմանատիպ խախտումը տեղի է ունենում Լաչինի միջանցքի 10-ամսյա արգելափակումից հետո, որը հանգեցրել է զանգվածային հումանիտար ճգնաժամի։ Անցյալ ամիս խոշոր միջազգային կազմակերպությունները և գործակալությունները ահազանգեցին, երբ տեղում իրենց կողմից իրականացվող մարդասիրական ջանքերին խոչընդոտեցին ադրբեջանական իշխանությունները։ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հրապարակեց զեկույց, որում Ադրբեջանի գործողությունները որակելիս վկայակոչել էր ցեղասպանության բուն բնորոշումը, այն է՝ սննդամթերքի, դեղորայքի և կենսական անհրաժեշտության այլ պարագաների մատակարարման խոչընդոտումը և ճգնաժամային հումանիտար միջամտությունների խափանումը՝ ընդգծելով ցեղասպանության վտանգի անխուսափելի բնույթը։

Չնայած Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ միջազգային հանրության կոչերին, և սահմանին բազմաթիվ մարդասիրական բեռների առկայությանը, այդ թվում՝ Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների՝ ի դեմս մեծ հեղինակություն վայելող Անն Իդալգոյի, Խավյեր Բերտրանի և Բրունո Ռետայլոյի նախաձեռնությամբ բերված ավտոշարասյան՝ Ադրբեջանը հրաժարվեց բացել ճանապարհը։ Վերջիններիս այցելությունից մեկ օր անց Ադրբեջանը հարձակում գործեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, որի հետևանքով զոհվեց չորս հայ զինծառայող։ Հետևաբար, Ադրբեջանն ստացել է ազատություն՝ իրագործելու հայերի նոր ցեղասպանությունը, ըստ էության՝ անտարբեր աշխարհի աչքի առջև։

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ կարողացել են սեպտեմբերի 20-ին հասնել հրադադարի, որը անմիջապես խախտվել է ադրբեջանական ուժերի կողմից։ Համաձայնությունը, որը ենթադրում է հայկական պաշտպանական ստորաբաժանումների լուծարում և լիակատար զինաթափում, ինչպես նաև անդրադառնում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ինտեգրելու հարցին, պետք է երաշխավորի հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ 

Այսօր Եվլախում նախատեսված է հանդիպում տեղի հայ պաշտոնյաների և ադրբեջանցի պաշտոնյաների միջև՝ ռուսական ուժերի միջնորդությամբ։ Լեռնային Ղարաբաղի հայերի գոյատևման հարցի լուծումը այժմ գտնվում է երկու բռնապետների ձեռքերում։ Զենքի սպառնալիքի ներքո հայկական իշխանությունները պետք է գոյաբանական ընտրություն կատարեն արտաքսման և մահվան միջև։ Նրանց միակ հույսը այն է, որ համաշխարհային հանրությունը իր միահամուռ ձայնը կբարձրացնի՝ օր առաջ հայերին փրկելու հնարավոր վատթարագույն հետևանքներից։

ՀԲԸՄ-ն՝ 1906 թվականին հիմնված խոշորագույն համահայկական մարդասիրական կազմակերպությունն աշխարհում, դեռևս 1915 թվականին արդեն իսկ առաջնագծում էր, երբ Օսմանյան կայսրության հայերը ենթարկվեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը։ Ավելի քան 100 տարի անց պատմությունը կրկնվում է՝ միջազգային հանրության քար լռության ներքո։

Լեռնային Ղարաբաղի հայերը ոչ միայն պայքարում են իրենց ապրելու իրավունքի համար, այլև հանապազօրյա պայքար են մղում հանուն այն նույն արժեքների, որոնք դավանում է Եվրոպան․ ամենից առաջ՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և համամարդկային արժեքների պաշտպանությունը։ Այսօր դուք հնարավորություն ունեք ամենայն հաստատակամությամբ վերահաստատելու այդ արժեքները։ Հակառակ դեպքում, դիտորդի դերում մնալով և դիվանագիտական խոսքերից բացի ուրիշ ոչնչի չդիմելով՝ Եվրոպան ոչ միայն միայնակ է թողնում Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին, այլև հրաժարվում է իր իսկ դավանած արժեքներից։

Որպես ՀԲԸՄ Նախագահ, ես դիմում եմ բոլոր պետությունների ղեկավարներին և եվրոպական խորհրդարանի պատգամավորների՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին ներկայացնել բանաձևի նախագիծ, որը կպահանջի անմիջապես դադարեցնել ադրբեջանական հարձակումները հայերի դեմ, առանց նախապայմանների վերաբացել Լաչինի միջանցքը, Ադրբեջանի բռնապետական ռեժիմի դեմ կիրառել միջազգային սանկցիաներ և միջազգային խաղաղապահ ուժերի ներկայությամբ պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայերին։

 

Պերճ Սեդրակյան

Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ