Մարտ 27, 2024
A- A+
read

Բարբառին կարոտած արցախցի երեխաները եւ «Նաիրի» ճամբարը

  • Նկար
    Nairi Family Camp
    Լուսանկարը՝ Մեդիամաքսի
  • Նկար
    Nairi Family Camp
    Լուսանկարը՝ Մեդիամաքսի
  • Նկար
    Nairi Family Camp
    Լուսանկարը՝ Մեդիամաքսի

«Դեդո-բաբոյին ենք նկարել, համ շատ ենք կարոտել, համ էլ որ մեծանանք, մենք էլ ենք դեդո-բաբո դառնալու»,- ասում է 11-ամյա Մարկն ու միանգամից շարունակում. «Իմ դեդոյին բաբոյին էլ եմ կարոտել, հիմա մեզ հետ չեն ապրում, Հրազդանում են»:

Մարկն իր հասակակից տղաների եւ աղջիկների հետ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Նաիրի» ճամբարում է, խմբային աշխատանք են անում՝ իրենց ցանկությունները, մտքերը փորձում են վերարտադրել նկարչության միջոցով:

«Նաիրի» ճամբարը ՀԲԸՄ մարդասիրական ծրագրերից մեկն է, որը մեկնարկել է 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված, գերի ընկած, վիրավորված, անհետ կորած հերոսների զավակների, քույրերի եւ եղբայրների համար: 2023 թվականի սեպտեմբերի վերջին Արցախից մարդկանց բռնի տեղահանումից հետո ՀԲԸՄ-ն ընդլայնել է արցախահայության ներգրավմանն ու հոգեբանական աջակցությանն ուղղված ծրագրերը, այդ թվում՝ «Նաիրի» ճամբարը, որն առաջիկա ամիսներին Ծաղկաձորում կընդունի Արցախից բռնի տեղահանված երեխաներին եւ նրանց մայրերին:

«Նաիրի» ճամբարի տնօրեն Հերմինե Դուզյանն ասում է. «Ճամբարը սովորաբար անցկացնում ենք ամռան ամիսներին եւ առանց ծնողների, սակայն 2023 թվականի աղետալի իրադարձություններից հետո որոշեցինք ժամանակավոր ընդլայնվել եւ փետրվարից մինչեւ հունիս յուրաքանչյուր ամսվա մեջ եռօրյա մեկ ճամբար կազմակերպել։ Այս ձեւաչափն ընտրեցինք, քանի որ այսպես մասնակիցների ամենաշատ թիվը կարող ենք ընդգրկել՝ շուրջ 1800 երեխա եւ ծնող։ Ճամբարն անցկացնելու ենք 6 փուլով։ Առաջինն անցկացրել ենք փետրվար ամսին, հիմա երկրորդ փուլն է: Յուրաքանչյուր փուլին մասնակցում է շուրջ 300 երեխա եւ մայրիկ»։

Երեխաների մայրերին ճամբարին մասնակից դարձնելու որոշումը հենց այնպես չի եղել։

«Ցավը մեծ է, մայրերի մեջ էլ վախ կա երեխաներին մենակ թողնելու: 10 ամիս շրջափակումից հետո մի ձեւով հասել են Հայաստան, երեխաներին չեն ուզում մենակ թողնել»,- ասում է տնօրենը:

Ճամբարում հատուկ ծրագիր կա նաեւ մայրերի համար: Այդ օրերին կազմակերպվում են հոգեբանական եւ վերապատրաստման դասընթացներ, որոնց ընթացքում նրանք խոսում են իրենց հուզող հարցերից, ինչպես նաեւ սովորում ճիշտ ինքնակենսագրական կազմել, աշխատանք փնտրել:

«Եթե հնարավոր է լինում, մենք էլ ենք փորձում օժանդակել նրանց՝ Միության տարբեր ծրագրերում աշխատանք գտնելու հարցում»,- ասում է Հերմինե Դուզյանը:

«Նաիրի» ճամբարի մասին ծնողները տեղեկացել են ոչ միայն սոցիալական ցանցերից, այլեւ ծանոթներից, ընկերներից, որոնք խորհուրդ են տվել անպայման մասնակցել:

«Անգլերենի պարապմունքների էի գնում, այդտեղ կիսվեցին ինձ հետ ճամբարի մասին: Ասացին՝ իրենք անցած պատերազմից հետո մասնակցել են եւ ինձ էլ խորհուրդ տվեցին, որ ընդգրկվեմ երեխաներիս հետ: Հիմա երկու բալիկիս հետ այստեղ եմ»,- ասում է Մարգարիտն ու նշում, որ երեխաները ճամբարի մասնակցելու փորձ չունեն, սա առաջինն է:

Ծնողներից Լուսինեն էլ նկատում է, որ երեխաներից բացի՝ այս երեք օրը շատ կարեւոր է նաեւ իրենց համար. «Այս օրերը հագեցած են նաեւ մեզ համար, հոգեբանի հետ դասընթացի ենք մասնակցում՝ նոր իրավիճակին ավելի հեշտ ինտեգրվելու համար: ՀԲԸՄ այլ դասընթացների էլ ենք մասնակցելու, ինչը հետագայում աշխատանք գտնելու համար օգտակար կլինի մեզ»:

Լուսինեն «Նաիրի»-ում իր 9-ամյա տղայի հետ է. «Տղաս երբ իմացավ բոլորն Արցախից են, անմիջապես հարցրեց՝ մեր լեզվով ենք խոսելու, կարո՞ղ է իմ դասարանցիներին գտնեմ այնտեղ»:

Ամենամեծ ուրախությունը ճամբարային օրերի ընթացքում երեխաների համար արցախյան բարբառով ազատ խոսելն է: Հենց այս նպատակով է ճամբարում նաեւ արցախցի ջոկատավարների են ընտրել, որ երեխաների հետ արցախյան բարբառով շփվեն, խաղեր կազմակերպեն:

Ջոկատավար Քրիստինեն անգլերենի ուսուցչուհի է աշխատել Ստեփանակերտի N 1 հիմնական դպրոցում:

«Արցախում բլոկադայի օրերին կազմակերպած «Նաիրի» ճամբարում էլ եմ ջոկատավար եղել: ճամբարն իսկապես հրաշք էր այդ օրերին, երեխաների առօրյան էր փոխվում, ամեն մեկը մի փոքր տրամադրություն եւ լույս էր իր հետ տուն տանում»,- հիշում է ջոկատավարը:  
Ճամբարում աշխատում է 18 ջոկատավար, 8 հոգեբան, վերապատրաստման դասընթացներ անցկացնող 4 մասնագետ:

Ջոկատավարներից 26-ամյա Արամ Խաչատուրյանը Սիրիայից է: Երեխաների հետ աշխատելու տարիների փորձ ունի արդեն:

«ՀԲԸՄ անդամ եմ դեռ Սիրիայից: ՀԲԸՄ-ի հետ համագործակցելու արդեն 7 տարվա փորձ ունեմ, որից 4 տարին՝ Հայաստանում: Արցախցի երեխաների հետ առաջին անգամ եմ աշխատում: Ավելի առանձնահատուկ պետք է մոտենանք նրանց: Թեկուզ ամենասովորական խաղերի ժամանակ, օրինակ՝ մյուզիք-թերապիայի ժամանակ շատ երեխաներ բարձր ձայներն ընկալում են որպես ռումբի պայթյուն: Պետք է ճիշտ աշխատել նրանց հետ, ամենակարեւորը՝ նվիրված աշխատել»,- ասում է Արամը:

14-ամյա Միշելը ջոկատավար Արամին շատ է սիրում, ասում է՝ «նա մեզ հետ հավասարի պես է, իրեն բարձրի տեղ չի դնում, մեզ հետ հավասար խաղում է»: Միշելն առաջին անգամ է ճամբարում, բայց հեշտ է հարմարվել, շփվող է եւ մյուսների հետ արագ է ընկերանում:

Ի տարբերություն նրա՝ 11-ամյա Նարեն Ստեփանակերտում էլի է ճամբարների մասնակցել: Սիրում է ճամբարական ակտիվ առօրյան, բայց դժվար է  Ստեփանակերտից ու այնտեղ թողած իր եղնիկից հեռու լինելուն. «Մեր տունն եմ շատ կարոտում եւ եղնիկիս, չկարողացանք բերել, դեդոս ասաց մեղկ է, չենք կարող տանել»:

Ճամբարին ընդգրկված են 6-14 տարեկան երեխաներ: Հոգեբան Անի Ենգիբարյանի խոսքով՝ նրանք ներկա միջավայրին հարմարվելու դժվարություններ ունեն. «Երեխաներն այստեղ վերհուշ են ապրում իրենց նախկին տան, գյուղի, տարածքի, անգամ խաղալիքների հանդեպ եւ ճամբարում իրենց հին ընկերներին, դասընկերներին գտնելն ու բարբառին կարոտած խոսելն իրենց շատ է ուրախացնում: Քանի որ այս ճամբարում ժամանակն ավելի քիչ է, փորձել ենք ծրագիրը խտացնել եւ առաջնահերթությունը տալ կուտակված էմոցիաների դուրս բերմանը: Որպեսզի հաղորդակցման դժվարությունները փոքր-ինչ հաղթահարելի լինեն եւ երեխաները կարողանան էմոցիաներով փոխանակվել, նրանց խմբային աշխատանք ենք տալիս, որ համախմբեն իրենց ցանկությունները, մտքերը եւ փորձեն դրանք վերարտադրել միասին, օրինակ՝ նկարչության միջոցով»:

Ճամբարային ծրագիրն անընդհատ բարեփոխվում է: Տնօրեն Հերմինե Դուզյանն ասում է. «Մենք լսում ենք մայրերի արձագանքը, հավաքում նրանց գաղափարները՝ ինչը հավանեցին, ինչը չհավանեցին, ամբողջացնում դրանք, որ հաջորդող յուրաքանչյուր ճամբար ավելի օգտակար դարձնենք»:

Նյութը պատրաստեց Մեդիամաքսը