Կազդուրվելու ու վերականգնվելու հնարավորություն
Արցախից բռնի տեղահանված ու Հայաստանում ապաստանած ընտանիքներին աջակցելու անհրաժեշտությունն անհամեմատ աճել է։ Ընդլայնելով արցախահայության ներգրավմանն ու հոգեբանական աջակցությանն ուղղված իր ծրագրերը՝ այժմ ՀԲԸՄ-ն իր «Նաիրի» ճամբարի շրջանակներում ամառային տասնօրյա ճամբարներից բացի առաջարկում է նաև ամենամսյա երկօրյա հավաքների շարք:
2024 թվականի փետրվարից Ծաղկաձորում գտնվող «Նաիրի» ընտանեկան ճամբարն անվճար հյուրընկալում է Արցախից բռնի տեղահանված երեխաներին ու նրանց մայրիկներին, ովքեր հնարավորություն ունեն հանդիպել հոգեբաններին, մասնակցել արվեստի ու երաժշտական թերապիաների և այլ միջոցառումների: Մինչ օրս «Նաիրի» ընտանեկան ճամբարում հյուրընկալել ենք 1432 երեխաների և նրանց 878 մայրիկներին:
Ճամբարային ծրագիրը ներառում է.
- հոգեբանական աջակցության թերապիաներ
- սթրեսի կառավարման և ֆիզիկական բարեկեցության դասընթաց
- ձեռագործի աշխատարան
- մասնագիտական ուղղորդման և ինքնաներկայացման սեմինար
- ինտելեկտուալ և ակտիվ խաղեր
- երեքանգամյա սնունդ
- ուրախ ու հաճելի ժամանց