Հունիս 11, 2022
A- A+
read

ՀԲԸՄ-ն իրականացրեց 2022 թվականի երկրորդ տարածաշրջանային համաժողովը Ժնևում, Շվեյցարիա

  • Նկար
    Geneva Conference 2022.1
    Միջազգային պատվիրակները Ժնևում ՀԲԸՄ Կենտրոնական վարչության Եվրոպական խորհրդակցական համաժողովում

  • Նկար
    Geneva Conference 2022.2
    Ձախից աջ՝ Կենտրոնական վարչության անդամ Վահե Գաբրաշը, հյուրեր՝ Րաֆֆի Արսլանյանը և Ալբերտ Պողոսյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը և հյուր՝ Գրիգոր Իստանբուլլին։
  • Նկար
    Geneva Conference 2022.3
    ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանը ՀԲԸՄ Հայաստանին նվիրված քննարկման ժամանակ
  • Նկար
     Geneva Conference 2022.4
    Բելգիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ մի քանի քննարկումներից մեկը

Հունիսի 3-ին և 4-ին Ժնևում տեղի ունեցավ ՀԲԸՄ Կենտրոնական վարչության Եվրոպական խորհրդակցական համաժողովը, որին ներկա էին աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 65 մասնակից։ Համաժողովը առաջիկա երկու տարիներին կայանալիք հանդիպումների շարքից թվով երկրորդն էր։ Պատվիրակների թվում էին ՀԲԸՄ կենտրոնական վարչության, հոգաբարձուների խորհրդի և Ռազմավարական խորհրդատվական խորհրդի անդամներ, ՀԲԸՄ մասնաճյուղերի և Եվրոպայի Երիտասարդ արհեստավարժների խմբի ղեկավարներ, ինչպես նաև հրավիրյալ բանախոսներ, ՀԲԸՄ-ի աջակիցներ և աշխատակիցներ Արգենտինայի, Հայաստանի, Բելգիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լիբանանի, Նիդեռլանդների, Ռուսաստանի, Իսպանիայի, Շվեյցարիայի, Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների մասնաճյուղերից։  

Ժնևի լճի ափին գտնվող Beau Rivage հյուրանոցում տեղի ունեցած երկօրյա համաժողովը բաղկացած էր բազմաթիվ քննարկումներից, պրեզենտացիաներից և փոքր խմբերով լսումներից, որոնց նպատակն էր մանրամասն ամփոփել աշխարհասփյուռ հայությանը վերաբերող նոր իրողությունները, փոփոխվող թրենդերն ու վերաբերմունքը, ինչպես նաև զարգացող վարքագիծը՝ վերջնական նպատակ ունենալով ադապտացնել ՀԲԸՄ-ի ապագայի ընդհանուր տեսլականը ներկա իրողություններին:

Հայոց նոր աշխարհ

Համաժողովը սկսվեց հունիսի 3-ին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի բացման խոսքով, ով, անդրադառնալով վերջին տարիների պատմական իրադարձություններին և ճգնաժամերին, ներկայացրեց համաժողովի նպատակն ու շեշտեց ՀԲԸՄ-ի և հայության համար նոր առաջնահերթություններ սահմանելու հույժ կարևորությունն ու դրանում սփյուռքի ակտիվ ներգրավածության անհրաժեշտությունը։  

Հաջորդիվ քննարկվեցին Հայաստանի ներկայիս աշխարհաքաղաքական և ինստիտուցիոնալ մարտահրավերները։ Պանելային քննարկումը, որին մասնակցում էին քաղաքագետ դր Թալին Փափազյանը և Ժնևի և Վեբստեր համալսարանների պատմության և միջազգային հարաբերությունների դասախոս դր Վիգեն Չեթերյանը, վարում էր «France 24»-ի լրագրող Աշրեն Վերդյանը։ Քննարկման նպատակն էր վերլուծել Հայաստանում տիրող աշխարհաքաղաքական իրողությունները՝ անդրադառնալով Հայաստանի ղեկավարության վերջին 30 տարիների ընթացքում վարած ռազմավարությանն ու 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմում Հայաստանի և Սփյուռքի հավաքական պատասխանատվությանը: Արդյունքում կարևորվեց դիվանագիտական հարաբերություններն ընդլայնելու և բարեփոխումներ իրականացնելու տեսլականով առաջ շարժվելը, որը կնպաստի հզոր ազգային հաստատությունների ստեղծմանը՝ մասնավորապես կրթության ոլորտում։ Քննարկման ընթացքում նաև առանձնակի շեշտվեց ներկայիս ներքաղաքական հակամարտությունները լուծելու հրատապ անհրաժեշտությունը, առանց որի հնարավոր չէ արդյունավետ առաջընթաց գրանցել։ 

Փոփոխվող սփյուռք

Կեսօրին տեղի ունեցած ելույթների թեման հայկական սփյուռքի՝ հատկապես Եվրոպայի հայ համայնքների փոփոխվող պատկերի և դրա ներկայիս մարտահրավերների մասին էր։ ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հիմնադիր-նախագահ դր Երվանդ Զորյանը նկատեց, որ հայերն իրենց 4 000 տարվա պատմության ընթացքում լայնամասշտաբ տեղաշարժվել են, մինչդեռ անկախության ժամանակաշրջանները շատ կարճ են տևել: Նա դիտարկեց վերջին 30 տարիների ժողովրդագրության ազդեցությունը Եվրոպայի հին և նոր հայկական համայնքների վրա։

French Intelligence Researcher Center (CF2R)-ի անկախ լրագրող և գիտաշխատող Տիգրան Եգավյանը ներկայացրեց հայկական սփյուռքի ներկայիս մարտահրավերներն ու հեռանկարները։ Դիտարկելով համայնքները, դրանց մշակութային բազմազանությունն ու առանձնահատկությունները՝ նա անդրադարձավ  պետության, եկեղեցու և հայոց լեզվի դերին և առաջարկեց Հայաստանի և սփյուռքի միջև առկա բացը լրացնելու հնարավոր ուղիներ։

Երեկոյան Ժնևի ծայրամասում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցի և Թոփալյան հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Հայկական կենտրոն այցելությունից հետո մասնակիցներն ընթրեցին Domaine de Plein Vent-ում, որտեղ նախագահ Սեդրակյանը մեծարվեց ՀԲԸՄ-ին մատուցած իր 20 տարվա անմնացորդ ծառայության համար։ Նա Թոփալյան հիմնադրամի և ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վահե Գաբրաշի կողմից արժանացավ հատուկ նվերի։  

ՀԲԸՄ-ն Եվրոպայում և Հայաստանում 

Հաջորդ օրվա քննարկումները վարեց ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Անի Մանուկյանը, ով ներկայացրեց տարբեր հայկական համայնքների կարիքները հոգալուն միտված ՀԲԸՄ-ի վարած գործունեությունը։ ՀԲԸՄ Ֆրանսիայի գործադիր տնօրեն Անուշ Ձագոյանը խոսեց ՀԲԸՄ Եվրոպայի ծրագրերի, գործունեության և համագործակցության եզրերի մասին։  

ՀԲԸՄ Հայաստանի նորանշանակ գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանը խոսեց Միության՝ հայրենիքում ծավալած գործունեության և ռազմավարության մասին։ Ծրագրերի բազմազանության շնորհիվ ՀԲԸՄ-ն ջանք չի խնայում զարգացնել հայրենիքը առաջադիմական մտածողությամբ, որն իրենից ենթադրում է եվրոպական և համաշխարհային կազմակերպությունների հետ համագործակցություն, ինչպես նաև սփյուռք-Հայաստան մենթորության ծրագրերում, առաջնորդության դասընթացներում և կամավորական աշխատանք խթանելու գործում ներդրումներ։ 

Ազգակառուցումը Հայաստանում 

ԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Արդա Հարաթյունյանը ներկայացրեց ՀԲԸՄ-ի նոր ինստիտուցիոնալ նախաձեռնությունը՝ Կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտը (ԱՊՐԻ Արմենիա), որը պաշտոնապես կմեկնարկի հունիսի 14-ին Երևանում: Որպես զարգացող վերլուծական կենտրոն և քաղաքականության աքսելերատոր՝ «ԱՊՐԻ Արմենիա»-ի նպատակն է խթանել տարածաշրջանային կայունութուն և զարգացում՝ ծառացած խնդիրներին տալով հստակ լուծմներ: 

Հաշվի առնելով Հայաստանում վերլուծական հետազոտությունների, քաղաքական դինամիկ երկխոսության և աշխարհաքաղաքական համատեքստում Հայաստանի դիրքորոշումը սահմանելու խիստ անհրաժեշտությունը՝ ՀԲԸՄ-ն ձեռնամուխ եղավ «ԱՊՐԻ Արմենիա» կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի հիմնադրմանը: Որպես ապակուսակցական, անկախ հարթակ, որը հստակ հարցերի շուրջ միտում ունի խթանել կառուցողական ներգրավվածություն, «ԱՊՐԻ Արմենիա»-ն մտադիր է համագործակցել հանրային, մասնավոր ոլորտներում և քաղաքացիական հասարակության շրջանակներում գործընկերների հետ, որոնց համատեղ ջանքերն ուղղված կլինեն Հայաստանի ներուժի կարճաժամկետ և երկարաժամկետ իրացմանը խոչընդոտող հիմնական մարտահրավերների լուծմանը: Չնայած ինստիտուտը պատրաստվում է պարբերաբար ընդլայնել իր գործունեության շրջանակը, «ԱՊՐԻ Արմենիա»-ի ռազմավարական նախաձեռնությունների առաջին փաթեթը կանդրադառնա արտաքին քաղաքականությանը, հանրային առողջապահությանը, էներգետիկ անվտանգությանը և տեղական համայնքի զարգացմանը:

Հայաստանում տնտեսական աճի և զարգացման հնարավորությունները հանրային և մասնավոր ոլորտների տեսանկյունից քննարկելիս՝ բանախոսներ դեղագործության ոլորտում հաջողակ գործարար Մայք Բարոնյանը և ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ և «Amber Capital»-ի գլխավոր գործընկեր Կամիլիո Ազզուզը խոսեցին մասնավոր բիզնեսները զարգացնելով Հայաստանը տնտեսապես առաջ մղելու ուղիներից։ Որպես ԵՄ-ի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից գործարկված երկրի առաջին մասնավոր կապիտալի հիմնադրամի համահիմնադիր և ֆոնդի կառավարիչ՝ պրն Ազզուզը կիսվեց իր՝ «Amber Capital Armenia»-ի փորձով 

Գաղափարների ազատ հոսք

Կեսօրին մասնակիցներին խրախուսեցին արտահայտել աշխարհասփյուռ հայության բարեկեցությանը վերաբերող իրենց մտքերն ու գաղափարները։

Երկօրյա համաժողովն ավարտվեց հրաժեշտի ընթրիքով Beau Rivage հյուրանոցում, որը կազմակերպել էին ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամներ Վարդգես և Սիլվիա Քնաջյանները, Վահե և Հյուգեթ Գաբրաշը և Կամիլիո և Դալիա Ազզուզները: Ընթրիքին ներկա էին Շվեյցարիայում Հայաստանի պատվավոր դեսպան պարոն Անդրանիկ Հովհաննիսյանը և Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ՝ Հոգեշնորհ Տ. Գուսան վրդ. Ալճանյանը։

Փակման խոսքում նախագահ Սեդրակյանն իր խորհին երախտագիտությունը հայտնեց ՀԲԸՄ-ի բոլոր անդամներին և աջակիցներին ինտենսիվ քննարկումներին մասնակցելու համար, ովքեր իրենց ներդրումն ունեցան ապագայի զարգացման տեսլականին միտված քննարկումներում։ «Մեր անգին ընկերների և մեծարգո կոլեգաների միջև տեղի ունեցող այս բաց ֆորումներն առանցքային դեր ունեն ՀԲԸՄ-ի և հայ ազգի ապագան կերտելու գործում։ Այս լուսավորող և արդյունավետ քննարկումների արդյունքում է, որ կկարողանանք երաշխավորել, որ մեր կազմակերպությունը կծառայի հայությանը գալիք ճգնաժամային տարիներին»։