Դեկտեմբեր 27, 2022
A- A+
read

ՀԲԸՄ-ն մեկնարկում է «Կատապուլտ զրուցարան»-ը՝ oժանդակելու Հայաստանի ստեղծարար արդյունաբերությանը

  • Նկար
    Katapult Speakers of the “Marketing & Creativity: Building Animation Capabilities for Stronger Industries” panel discussion
    «Շուկայագիտություն և ստեղծարարություն. հզորացնելով անիմացիոն կարողությունները հանուն ավելի ուժեղ արդյունաբերության» քննարկման բանախոսները
  • Նկար
    Katapult, URVAKAN Festival 2022
    «Ուրվական» երաժշտական փառատոն, նկարը՝ Ա․ Ներսիսյանի
  • Նկար
    Still from Aurora Sunrise: a film by Inna Sahakian. Courtesy of Bars Media Documentary Film Studio
    . Իննա Սահակյանի «Ավրորայի Լուսաբացը» ֆիլմից անիմացիոն հատված, («Բարս Մեդիա» կինոստուդիա)

«Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ու «Creative Armenia»-ի հետ համատեղ, 2022 թ.-ի դեկտեմբերի 6-ին մեկնարկեց մի նոր նախաձեռնություն` «Կատապուլտ զրուցարան»-ը, որը հարթակ է գիտելիք ու փորձ փոխանակելու համար։ «Զրուցարան»-ի նպատակն է աշխարհի ստեղծարար ոլորտի մասնագետներին համախմբել խորը վերլուծական քննարկումների շուրջ՝ վեր հանելու մշակութային ու ստեղծարար արդյունաբերության զարգացմանը խոչընդոտող խնդիրները։ Նախատեսվում է, որ մեկշաբաթյա առցանց նախաձեռնությունը իրականացվելու է տարին երկու անգամ։ 

Առաջին զրուցարանը մեկնարկեց «Ներդրումներ ստեղծարար ոլորտում» ընդհանուր թեմայով, որի շրջանակներում անդրադարձ կատարվեց արդյունաբերության այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են՝ կրթությունը, տեխնոլոգիան, երաժշտությունն ու անիմացիան։ Յուրաքանչյուր պանելային քննարկման մասնակցեց երեքից չորս փորձագետ, իսկ քննարկումը համակարգվեց մոդերատորի կողմից։ Փորձագետները զրուցեցին արդյունաբերություն կառուցելու հիմնական բաղադրիչների շուրջ, անդրադարձան ստեղծագործ անհատների՝ համաշխարհային շուկա մուտք գործելու հնարավորություններին և կիսվեցին ստեղծարար ոլորտի ենթակառուցվածքները բարելավելու նպատակով ներդրում կատարողների հետ հաղորդակցվելու իրենց փորձով։ Քննարկումներն անցկացվեցին անգլերեն լեզվով՝ համաժամանակյա հայերեն թարգմանությամբ, որպեսզի ստեղծարար ոլորտում ներգրավված աշխարհասփյուռ հայությանը ևս հասանելի լինեն։  

««Կատապուլտ զրուցարան»-ի հիմնական նպատակն է կիսվել պրակտիկ փորձառությամբ. մի բան, որը հազվադեպ են սովորում ուսումնական հաստատություններում, լինի դա Հայաստանում, թե՛ այլուր», - նշեց «Կատապուլտ» ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը։ 

Զրուցարանի առաջին քննարկումը «Արդյունաբերություն և կրթություն. իրական աշխարհը որպես ուսումնական ծրագիր»-ն էր։ Արդի դիզայնի, արվեստի ու տեխնոլոգիայի ոլորտների համաշխարհային ուսումնական կենտրոնների փորձագետները ներկայացրեցին, թե ինչպես են իրենց ուսումնական ծրագիրը հարմարեցնում արդյունաբերությանը։ Նրանք անդրադարձան կրթության ոլորտի միտումներին և բազմաշերտ գործիքակազմով զինելու ու տեխնոլոգիաների ու այլ փոփոխվող միջավայրում արագ ադապտացվելու անհրաժեշտությանը։ Բանախոսները կարևորեցին պրակտիկ ծրագրային ուսուցումը, սակայն խոսեցին նաև արդյունաբերության կարճաժամկետ նպատակներն ու ուսանողների երկարաժամկետ կարիքները հավասարակշռելու դժվարություններից։ 

Երկրորդ օրը տեխնոլոգիայի ոլորտի առաջամարտիկները ներկայացրեցին, թե ինչ նոր մոդելներով է ոլորտը համալրվում՝ արվեստի արդյունաբերությունն ավելի «ժողովրդավար» դարձնելու համար։ Sensing Places-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ֆլավիա Սպարացինոն և The Creative Passport-ի գործադիր տնօրեն Կարլոտա Դե Նիննին ներկայացրեցին նոր հարթակներ, որոնք օգնում են արվեստագետներին հեշտ կառավարել իրենց տվյալներն ու եկամուտները։ NuArca ընկերության և վենչուրային կապիտալի համահիմնադիր Րաֆֆի Ֆեստեկջյանը կիսվեց, թե ինչն է իր համար շարժառիթ հանդիսացել ներդրում կատարել բլոկչեյնի մեջ` սկանդալային NFT-ների «գլամուրից» զատ։ 

Չնայած բանախոսներն անդրադարձան այն մարտահրավերներին, որոնք առաջ են գալիս, երբ փորձում են թիրախային լսարանին կրթել արագ հարմարվել նոր տեխնոլոգիաների կիրառմանը, բոլորը վստահություն հայտնեցին, որ բլոկչեյնը մեծ հնարավորություններ է ստեղծում սոցիալական ու համաշխարհային հավասարություն (equity) ապահովելու համար։

Վիրտուալ կառույցներից բանախոսներն անցում կատարեցին ուսումնասիրելու երաժշտության, համայնքային միջոցառումների և հանրային տարածքների դերը  «Երաժշտություն և բիզնես ամբողջ աշխարհում. արդյունաբերություն, որը խթանում է սոցիալական համաստեղծարարությունը» պանելային քննարկման շրջանակներում։ Բանախոսների թվում էին Worldwide Music Expo (WOMEX) ընկերության խորհրդատու Ֆրանկ Կլաֆսը, Հայաստանում վերջին տարիներին մեկնարկած «Ուրվական» երաժշտական փառատոնի համահիմնադիր Լին Պառավյանը և In Place of War-ի՝ հակամարտության գոտիներում կոմպոզիտորներին աջակցող հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար Լյուսի Էվանսը։ 

Բանախոսների քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ երաժշտական գործակալները և ընկերությունները վերջին տարիներին պասիվ վիճակից դարձել են ավելի նախաձեռնող։ Նրանք կիսվեցին խորհուրդներով, թե ինչպես մուտք գործել համաշխարհային երաժշտական շուկա և անդրադարձան աշխարհաքաղաքական ոչ խաղաղ տարածքներում արդյունաբերությունը զարգացնելու մարտահրավերներին: 

Մասնավորապես, Պառավյանը ներկայացրեց «Ուրվական»-ի ռազմավարությունը՝ որպես միջազգային հանդիսատեսին գրավող նեղ ժանրային փառատոն, որը Հայաստանը վերածեց երաժշտական տուրիզմի ուղղության: Չնայած փառատոնի երկրորդ թողարկումը վերջերս չեղարկվեց Հայաստանի դեմ ուղղված Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պատճառով, զրույցն ավարտվեց դրական նոտայով. Պառավյանը հաստատեց, որ փառատոնը պլանավորում են անցկացնել 2023 թվականին։ 

Վերջին պանելային քննարկումը անդրադարձավ «Շուկայագիտություն և ստեղծարարություն. հզորացնելով անիմացիոն կարողությունները հանուն ավելի ուժեղ արդյունաբերության» թեմային։ Բանախոսների թվում էր Իննա Սահակյանը՝ վերջերս մրցանակի արժանացած «Ավրորայի լուսաբացը» սենսացիոն ֆիլմի ռեժիսորը։ Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարտիկանյանի մասին պատմող վավերագրական անիմացիոն ֆիլմն առաջադրվել է 2023 թ.-ի «Օսկար» մրցանակաբաշխությանը։ 

Տիկին Սահակյանի հետ էր նաև Աղվան Խաչատրյանը՝ Գյումրիում գործող Popok Animation-ի հիմնադիր և գործադիր տնօրենը, և Ջարեդ Ֆոլկմանը՝ Funday Creative Agency-ի համահիմնադիրը (Հայաստան, Կանադա)։ Բանախոսները անիմացիան բնութագրեցին որպես «Հայաստանի գերբնական ուժ» և ընդգծեցին միջազգային հարթակներում հաջողության հասնելու գործում ռազմավարական պլանավորման կարևորությունը։ 

Անդրադառնալով «Կատապուլտ»-ի հայեցակարգին և արժեքներին՝ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը նշեց. «ՀԲԸՄ-ի հիմնադրման առաջին իսկ օրից՝ ավելի քան մեկ դար, աշխարհասփյուռ հայության բարգավաճումը հանդիսացել է մեր հիմնական արժեքներից մեկը: Այսօր մենք հասկանում ենք, որ ազգային տնտեսական աճը փոխկապակցված է նաև ստեղծարար ոլորտների բարգավաճման հետ: «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը նոր մոտեցմամբ է փորձում օգտվել ՀԲԸՄ-ի հսկայական ցանցից՝ դիտարկելով այն որպես հավաքական ինտելեկտ: «Կատապուլտ զրուցարան»-ի առաջին շարքի հիմքում հենց այս մոտեցումն էր ընկած»։

Քննարկումների տեսաձայնագրությունները հասանելի են @AGBUArts ֆեյսբուքյան էջում։ «Կատապուլտ»-ի գալիք ծրագրերի և միջոցառումների մասին տեղեկությունների համար @AGBUArts սոցիալական հարթակներում հետևե՛ք #KatapultArmenia կամ #AGBUKatapult հաշթեգը ներառող գրառումներին կամ ծրագրի LinkedIn-ի էջին (Katapult Creative Accelerator Program)։ Բաժանորդագրվե՛ք «Կատապուլտ տեղեկագրին» ամենամսյա  նորություններին ծանոթանալու համար՝ էլ. նամակ ուղարկելով katapult@agbu.am հասցեին։ «Կատապուլտ զրուցարան»-ի հաջորդ շարքը կկայանա 2023 թվականի գարնանը։